Ստվերի որոշակի նվազում է արձանագրվել, սակայն անելիքներ դեռ շատ կան.ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ առանձին հանդիպումներից ու քննարկումներից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ։
ՊԵԿ-ից հայտնում են, որ ամփոփվել ու նախանշվել են համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ վերջին տարիներին կառույցի արձանագրած ձեռքբերումների համար, որոնք պետությանը տեղափոխել են զարգացման նոր մակարդակ։
2025 թվականին Կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների։ «ՊԵԿ-ի տեսլականը պետք է լինի՝ հասարակության համար դառնալ հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կառույց»,-ասել է Էդուարդ Հակոբյանը՝ հավելելով, որ մարդակենտրոնությունը և մարդկային արժեքները լինելու են առաջնային։
Անդրադառնալով հարկային եկամուտների ապահովմանը՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ 2024 թվականին հարկերը հավաքագրվել են տնտեսական զարգացումներին համահունչ։ Իրականացված վարչարարության արդյունքում ստվերի որոշակի նվազում է արձանագրվել, սակայն անելիքներ դեռ շատ կան։ Կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ ստվերի դեմ կոշտ և օբյեկտիվ պայքարը, դրա չափումների և գնահատումների էական բարելավումը լինելու է 2025-ի առաջնահերթություններից։
Էական ձեռքբերումներ են արձանագրվել միջազգային համագործակցության, ինչպես նաև թվայնացման ուղղություններով։ Թվայնացումն ակտիվ շարունակվելու է նաև եկող տարի։
2025 թվականի օրակարգում է նաև ռիկսերի վերլուծությունների գործիքակազմի բարելավումը։ Առանցքային բարեփոխումներից է լինելու մաքսային ընթացակարգերում ժամանակատարության նվազեցումը։ Էդուարդ Հակոբյանն ասել է, որ այս ուղղությամբ դրական փոփոխություններն ակնհայտ են, սակայն սահմանային անցակետերում ժամանակի կրճատումն առաջնահերթ է։
Կոռուպցիայի դեմ անխնա պայքարը ևս 2025-ի հիմնական առաջնահերթություններից է լինելու․ «Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու»։
Կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ հետևողական է լինելու նախանշված առաջնահերթությունների իրագործման ու առաջադրված խնդիրների լուծման հարցում՝ հորդորելով դրսևորել պատշաճ նախաձեռնողականություն ու երկարաժամկետ մտածողություն՝ նպաստելով համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը և ամրապնդելով հասարակության կապը մեր մեծ ընտանիքի բյուջեի (պետական բյուջեի) հետ։