Ուսուցիչների կամավոր ատեստավորում. դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած հունվարի 1-ից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են 2024 թ. կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորված համարվող և դրույքաչափի բարձրացում ունեցող, ինչպես նաև բարձրացված դրույքաչափի նկատմամբ համապատասխան տոկոսով հավելավճար ստացող ուսուցիչների և ուսուցիչ չաշխատող անձանց ցուցակները:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած 2025 թվականի հունվարի 1-ից:
Նախարարի հրամանով՝ կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար:
Հաստատվել են նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ 5 տարի ժամկետով հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները: Ըստ ցուցաբերած արդյունքների՝ ուսուցիչները կստանան հավելավճար ներքոնշյալ սանդղակով, որը կկիրառվի բարձրացված դրույքաչափի նկատմամբ․
•70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 30 տոկոսի չափով,
•80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 40 տոկոսի չափով,
•90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 50 տոկոսի չափով:
Նախարարի հրամանով հաստատվել են նաև կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչ չաշխատող անձանց ցուցակները: Ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից կօգտվեն՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատանքի ընդունվելու օրվանից: Տվյալ անձանց համար հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսած: Հաստատվել է նաև կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների ցուցակը․ այս խմբում գտնվող ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ հաջորդ ատեստավորման ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
- Քոլեջների վերապատրաստված շուրջ 361 աշխատողների մեծ մասը հաղթահարել են ատեստավորումը. ԿԳՄՍ նախարար
- Մեկնարկել է 2024 թ. ուսուցիների կամավոր ատեստավորումը
- Նոյեմբերի 9-ից ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով