Սուրբ Ծննդյան ժողովրդական ավանդույթները
Ինչպե՞ս, ի՞նչ ավանդույթներով ու ժողովրդական սովորություններով էին Սուրբ Ծնունդը տոնում մեր պապերը: Qahana.am-ի հետ զրույցում Ծաղկաձոր համայնքի Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գոհար Գոգոլյանը հիշեցնում է գեղեցիկ ավանդություններից մեկի մասին:
«Ճրագալույցի Պատարագին երեխաները, կուռմադդումից պատրաստված, խաչերով նախշազարդված ճրագներով, եկեղեցուց վերցնում էին լույսն ու շրջում էին տնետուն՝ փոխանցելու Քրիստոսի ծննդյան ավետիսը։
Երեխաների ձեռքերից անպակաս էին խուրջինները կամ գործած գուլպաները, որոնց մեջ լցնում էին իրենց բաժինը: Այն ստանում էին, երբ շրջում էին տնետուն՝ բարի լուրը փոխանցելու: Երեխաները ընկույզներով պատրաստում էին շրխկաններ, որ մեղմ երաժշտական ձայն հաներ ու երգում էին ավետիսներ: Ավետիսների ժամանակ տալիս էին բարի լուրը՝ Քրիստոսի ծննդյան, հիշեցնում, որ մարդիկ իրար հետ խռով չմնան, մաղթում էին, որ տունը լցվի բարությամբ: Ի տարբերություն՝ Ծաղկազարդի, Բարեկենդանի, Սուրբ Ծննդյան տոնին երեխաները մեծ աղմուկ չէին բարձրացնում»:
Հնում մեր նախնիները պահել են նաև Սուրբ Ծննդյան պահքը՝ այն չխախտելով Ամանորի գիշերն ու հաջորդող օրերին: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտը, պահք է: Ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր Հայ Եկեղեցին հորդորում է պատրաստվել Սուրբ Ծննդին՝ պահեցողությամբ, ինքնաքննությամբ ու անկեղծ ապաշխարությամբ:
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը տոնում ենք ութ օր, մինչև հունվարի 13-ը՝ Տիրոջ Անվանակոչության տոնը: Այդ օրերին քրիստոնյաները միմյանց ողջունում են՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի» ավետիսով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։