Վեհափառ Հայրապետը պատգամել է արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արցախցի երիտասարդ ընտանիքներին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը ներկա են եղել նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։
Վրթանես Սրբազանն ընդգծել է, որ Մայր Աթոռ են այցելել նորածին զավակներ ունեցող արցախցի ընտանիքներ ստանալու Նորին Սրբության օրհնությունը։ Սրբազան Հայրը նաև իր երախտագիտությունն է հայտնել Հայոց Հովվապետին արցախահայերի նկատմամբ ցուցաբերվող հայրական խնամքի ու հոգածության համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բերելով հայորդիներին, իր զորակցությունն է հայտնել արցախցի ընտանիքներին, հատկապես ներկայիս դժվարին պայմաններում, երբ նրանք հաղթահարում են բռնի տեղահանության հետևանքով իրենց առջև ծառացած դժվարությունները։ Հայոց Հայրապետը առանձնահատուկ կերպով կարևորել է նաև արցախցի նորածին զավակների ներկայությունը Մայր Աթոռում՝ նրանց համարելով կյանքի, հույսի մարմանցում և ազգի հարատևության գրավականը:
Նորին Սրբությունը մաղթել է, որ ծնողների խնամքի և սիրո ներքո իրենց զավակները հասակ առնեն և Աստծո օրհնությամբ մի օր վերադառնան իրենց հայրենի բնօրրան, հայրենական օջախներ։
Վեհափառ Հայրապետը պատգամել է արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր՝ հավատքը՝ հավաստիացնելով, որ Հայոց Եկեղեցին իրենց կողքին է և զորավիգ ու աջակից իրենց առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։
Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արցախցի ընտանիքներին։
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Էջմիածնի ԲԿ ծննդատուն։
Ծննդատան ղեկավարության առաջնորդությամբ Նորին Սրբությունը տեսակցել է նորածիններին և նրանց մայրերին, օրհնել ու աղոթել նրանց քաջառողջության և երջանկության համար: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձել է մայրության աստվածապարգև շնորհին՝ վկայելով, որ մայրական նվիրյալ ու կենսապարգև սերը կարող է հաղթահարել ամեն դժվարություն, իսկ նորածին մանուկները կդառնան ուժականության աղբյուր՝ զորացնելով մեր ժողովրդի պատասխանատվության ոգին կերտելու սերունդների համար խաղաղ, բարօր և լուսավոր հայրենիք: Վեհափառ Հայրապետն այս առնչությամբ գոհունակությամբ ընդգծել է, որ առաջիկա տարին Հայոց Եկեղեցու գործունեության և նախաձեռնումների առանցքում է լինելու այս գիտակցության և ոգու ամրապնդումը հայոց ընտանիքներում։
Այնուհետև Նորին Սրբությունը զրույց է ունեցել նաև բուժանձնակազմի հետ՝ իր գնահատանքը փոխանցելով նրանց մատուցած ազգօգուտ ծառայության, նվիրումի և ծննդկան մայրերի առողջությանն ի նպաստ ներդրած ջանքերի համար։ Այս առիթով Նորին Սրբությունը ծննդատանը նվիրել է Սուրբ Աստվածածնի սրբանկար, մաղթելով, որ Աստվածամոր օրհնությունը մշտապես հովանի լինի նորածին մանուկներին և ծննդկան մայրերին:
Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը բոլոր նորածիններին ու նրանց մայրերին բաշխել է ամանորյա նվերներ: