Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի մասին որոշումը կրկին հետաձգվել է
Տեղեկացնում ենք, որ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր՝ Ա․ Նահապետյան) որոշման կայացումը կրկին անգամ հետաձգվել է»,- հայտնում է «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը:
«Նախ որոշման հրապարակումը նշանակված էր 2024թ․ դեկտեմբերի 19-ին, ապա այն հետաձգվեց 2024թ․ դեկտեմբերի 30-ին։ Այժմ Դատարանը որոշում է կայացրել բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին, որը տեղի կունենա 2025թ․ հունվարի 9-ին:
Ուշագրավ է, որ բողոքը ներկայացվել է դեռևս 2024թ․ նոյեմբերի 21-ին։ Գտնում ենք, որ կալանքի դեմ բողոքի քննության նման երկար ու հետաձգումներով քննությունը կոպտորեն խախտում է Կարեն Հակոբյանի արդար դատաքննության իրավունքը։ Այնուամենայնիվ, հուսով ենք, որ բողոքի քննության այս հերթական հետաձգումն ունի բացառապես բողոքի քննության համար նշանակություն ունեցող հարցերում ավելի խորամուխ լինելու նպատակ և պայմանավորված չէ այլ՝ օրենքով չնախատեսված հանգամանքներով։
Հիշեցնենք, որ գործարար, նախկինում երբևէ չդատապարտված Կարեն Հակոբյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, սակայն մեղադրանքի հիմքում որևէ ապացույց առկա չէ և հիմնված է բացառապես ենթադրությունների վրա»,- նշված է Կարեն Հակոբյանի պաշտպանական խմբի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Անհիմն է ոչ միայն Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, այլ կիրառված կալանքը․ Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբ
- «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է