Մատենադարանին է ընծայաբերվել 1657 թ. Շատախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված Ավետարանը
Մատենադարանի անցնող տարին եղավ նշանակալի ձեռքբերումների, բարեփոխումների ու նոր նպատակադրումների տարի: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր ամանորյա ուղերձում թվարկել է տարվա ընթացքում իրենց ձեռքբերումները. «Եվրոպայի հնագույն և հեղինակավոր հրատարակչություններից մեկի՝ «Բրեպոլսի» համագործակցությամբ հրապարակվել է Մատենադարանի միջազգային պարբերականը՝ «MEMAS»-ը, հինգ տարի ընդմիջումից հետո լույս է տեսել կարևորագույն մատենաշարի՝ Մայր ցուցակի հերթական մեծածավալ հատորը, տեղի է ունեցել Միջազգային հայագիտական կոնգրեսը՝ 16 երկրների առաջատար օտարազգի հայագետների մասնակցությամբ, «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարը, որ իր շուրջը համախմբել է աշխարհի առաջատար վերականգնողներին, բացվել է նորագույն սարքավորումներով հագեցած Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան, հարստացել է ձեռագրերի թվայնացման գործիքակազմը, մեկնարկել են համահայկական թվային ձեռագրացուցակի ստեղծման աշխատանքները, ձեռք են բերվել տասնյակ ձեռագիր մատյաններ, հնատիպ գրքեր ու հարյուրավոր արխիվային փաստաթղթեր, որոնց հատընտիր նմուշները ցուցադրվել են «1 տարվա Հավերժությունը» ցուցադրության շրջանակում, Եվրամիության աջակցությամբ հիմնվել է «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» ցուցասրահ-լաբորատորիան, մեկնարկեցին վերականգնողական թղթի արտադրամասի հիմնման աշխատանքները, տեղի է ունեցել մեկ տասնյակից ավելի ցուցադրություններ, այդ թվում՝ արտասահմանում, շուրջ մեկ տասնյակի են հասցվել նաև կրթական ծրագրերը, պետական ու ոչ պետական դրամաշնորհներով օտար լեզուներով հրատարակվել ու հրատարակվելու են բացառիկ նշանակության ու որակի պատկերագրքեր, իրականացվել են բազմաթիվ այլ միջազգային նախագծեր ու աննախադեպ ծավալների նյութատեխնիկական համալրումներ:
Տարվա ամփոփիչ իրադարձությունը դարձել է Մատենադարանին 1657 թ. Արցախ-Ուտիքի Գանձակ գավառի Շատախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված Ավետարանի ընծայաբերումը: Զարմանալի մի զուգադիպությամբ Գանձակում գրված ձեռագրի մուտքը Մատենադարան համընկել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի հետ, որի շրջանակում երեք տարվա ընթացքում կվերականգնվեն ու կհանրահռչակվեն Արցախի ձեռագիր մատյանների ու առանձնապես արժեքավոր արխիվային փաստաթղթերի հավաքածուները:
Ձեռագրի հիշատակարանի համաձայն, Ավետարանը գրվել է 1657 թվականին Գանճա երկրի Շատախ գյուղում Յովհաննէս դպրի կողմից։ Ձեռագիրն ունի նոր կաշեպատ կազմ, որի վրա պահպանված են մետաղյա հին մասերը՝ կոստղապատ շրջանակները. առաջին փեղկի կենտրոնում ճաճանչապսակի մեջ է ներկայացված Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին (բարձրաքանդակ, ոսկեզօծ արծաթ): Երկրորդ փեղկը զարդարում է Ավետարանչի պատկերը (հարթաքանդակ, ոսկեզօծ արծաթ):
300 թղթյա թերթերից բաղկացած Ավետարանը զարդարում են հարուստ գունապնակով ներկայացված չորս Ավետարանիչների պատկերները և վերջիններիս կիսախորան-անվանաթերթերը, ինչպես նաև մատյանի էջերում տեղ են գտել մի շարք բարձրաճաշակ լուսանցազարդեր և զարդագրեր: Մանրանկարները, որոնք զարդարում են Ավետարանի էջերը, 17-րդ դարի մեր ժողովրդական արվեստի հիանալի նմուշներ են: Թեև ժամանակի ընթացքում ձեռագիրը խոնավություն է տեսել, սակայն նորոգվել է և ամրակայվել:
«Գիտական արժեքի առաջին կարևորությունը պատմական Գանձակի գավառում գրված լինելն է, որտեղից մեզ են հասել եզակի գրչագիր մատյաններ: Իսկ Շատախ գյուղը 17-րդ դարում հայտնի է եղել որպես հայկական գրչության կենտրոն, և այս ձեռագիրը գալիս է հաստատելու և լրացնելու մեր այս գրչօջախում կերտված ձեռագրական ժառանգությունը»,- նշված է Մատենադարանի կայքում։