Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Գաբրիել Չենբերջյանին առնչվող 2018 թվականի մայիսի 2-ին հարուցված քրեական գործը վեց ու կես տարի շարունակվել է առանց էական առաջընթացի: 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը, հիմնվելով բացառապես գործում առկա վաղեմի տվյալների վրա, կայացրել է Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ըստ մեղադրանքի՝ նա իբր միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարի օրինականացմանը:
2024 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները, մերժել է քննիչի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը՝ անհապաղ ազատ արձակելով Գաբրիել Չենբերջյանին:
2024 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ դատախազությունը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:
2024 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից «Հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու և դատական վարույթի իրականացման ձևի մասին» որոշումը պաշտպանական կողմին է հասու դարձել միայն 2025 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 12:30-ին՝ ոչ աշխատանքային օրը: Որոշումը ՀայՓոստ-ի գլխավոր բաժանմունք է մուտքագրվել 2025թ. հունվարի 3-ին, որից հետո ուղարկվել է թիվ 0033 բաժանմունք: Ընդ որում, որոշումը ուղարկվել է միայն պաշտպաններից մեկին, մինչդեռ ո՛չ Գաբրիել Չենբերջյանին, ո՛չ մյուս պաշտպանին որոշման օրինակներ չեն ուղարկվել:
Որոշմամբ դատարանը սահմանել է բացատրությունների, դրանք հիմնավորող նյութերի, միջնորդություների ներկայացման վերջնաժամկետ մինչև 2025 թվականի հունվարի 3-ը, իսկ գրավոր ընթացակարգով դատական ակտի կայացման օր նշանակել է 2025 թվականի հունվարի 7-ին:
Պաշտպանական խումբը հարկ է համարում արձանագրել հետևյալ էական խախտումները.
1. Ստեղծվել է իրավական աբսուրդ՝ երբ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է ավելի վաղ՝ մինչև հունվարի 3-ը, քան որոշման փաստացի ստացման օրը՝ հունվարի 4-ը:
2. Որոշման ուղարկման և դատական ակտի հրապարակման միջև ընկած ժամանակահատվածում գրեթե բոլոր օրերը ոչ աշխատանքային են՝
. 2024թ. դեկտեմբերի 31, 2025թ. հունվարի 1-2՝ Ամանորյա տոներ՝ ոչ աշխատանքային օրեր,
. 2025թ. հունվարի 4-5՝ ոչ աշխատանքային օրեր,
. 2025թ. հունվարի 6՝ Սուրբ Ծնունդ, ոչ աշխատանքային օր։
3. Ոչ աշխատանքային օրերի պատճառով բացառված է բանկերից, պետական մարմիններից, այլ անձանից անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման հնարավորությունը՝ որոնք որոշիչ նշանակություն կարող են ունենալ Գաբրիել Չենբերջյանին մեղսագրվող արարքների բացառման, ժխտման հարցում:
4. Գաբրիել Չենբերջյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնց վերաբերյալ բժշկական կենտրոնի կողմից արդեն իսկ իրականացվել է կոմպլեքս հետազոտություն, և եզրակացությունը Գաբրիել Չենբերջյանին տրամադրվելու է 2025թ. հունվարի 6-ից հետո միայն: Ժամկետների սղությամբ պայմանավորված՝ դեռևս հնարավորություն չենք ունեցել դատարանին ներկայացնել մեր վստահորդի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը:
Այս իրավիճակը լիովին հաստատում է Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի նախորդ՝ 2024թ. դեկտեմբերի 30-ի հայտարարության մեջ բարձրացված մտահոգությունները, մասնավորապես՝
• նախաքննության անհարկի շտապողականությունը,
• արդար դատաքննության իրավունքի խախտումը,
• Գաբրիել Չենբերջյանի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորություն սահմանափակումը,
• Գաբրիել Չենբերջյանի լսված լինելու իրավունքի անտեսումը,
• բանավոր դատաքննության անցկացումից անհիմն հրաժարումը։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին խնդրել ենք՝
1. ողջամիտ ժամկետով հետաձգել բողոքի քննության դատական ակտի կայացման օրը,
2. ապահովել Գաբրիել Չենբերջյանի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը՝ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանների բացատրությունների, դրանք հիմնավորող նյութերի, միջնորդություների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 8-ը ներառյալ,
3. ապահովել Գաբրիել Չենբերջյանի լսված լինելու իրավունքի լիարժեք իրացման հնարավորությունը՝ նշանակելով բանավոր ընթացակարգով բողոքի քննություն և ապահովելով Գաբրիել Չենբերջյանի ներկայությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան