Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020 թվականը և դրանից հետո կամ մինչև պատերազմն ու դրանից հետո։ Panorama.am-ի հետ զրույցում Վանյանը նշեց, որ վերջին ամենից ուրախ Ամանորը, որը նշել են, 2020թ․-ին էր։
«Հիմա արդեն հասկանում եմ , թե ինչի մասին է Արցախյան ամանորյա մաղթանքը՝ սերտըդ թող ուրախ ինի։ Եթե սիրտդ ուրախ չէ, աշխահի ոչ մի հրաշալիք քեզ չի ուրախացնում, Ամանորն էլ վերածվում է սովորական օրվա՝ առանց հեքիաթի ու հրաշքի սպասման։ Իմ մեջ շատ տպավորվել է 2020 թվականի ամանորյա գիշերը։ Մենք վերանորոգում էինք տունը և այն բնականաբար նախատեսում էինք ավարտել մինչև դեկտեմբերի վերջ, բայց չէինք հասցնում։ Իսկ մեր հարազատները՝ իրենց ընտանիքներով, արդեն պլանավորել էին Ամանորն անցկացնել մեր տանը՝ Ստեփանակերտում։ Պատկերացրեք ինչ էր կատարվում այնտեղ՝ մի սենյակում վերանորոգում էր, վարպետը ստիպված եղավ մինչև 11։30 մնալ մեր տանը, խոհանոցում տոնական սեղանի պատրաստություն էր, բակում լույսեր ու խարույկ էին վառում, և մենք չէինք հասցնում անգամ տոնածառը զարդարել, երբ տանը 8 անչափահաս երեխա կար՝ իրենց խաղով, աղմուկով ու պահանջներով։ Ժամը 11։55 րոպեին տոնածառը պատրաստ էր, մենք՝ հոգնած, երեխաները՝ երջանիկ։ Ամբողջ գիշեր խարույկի մոտ էինք, իսկ Ամանորյա հրաշքը մեղմ ձյունի հետ իջնում էր խարույկի վրա։ Դրանից հետո իմ ընտանիքում Ամանորը որպես տոն չնշվեց։ Չէի ցանկանա, որ Ամանորյա հեքիաթն այդպիսի ավարտ ունենա։ Այն դեռ պիտի շարունակվի․․․»։
Մեր զրուցակիցը պատմեց, որ ընկերների հետ մի հետաքրքիր ավանդույթ ևս ունեցել են՝ հունվարի առաջին օրերին ավանդաբար առաջին լավ եկած ձյունի հետ ընկերներով բարձրացել են «26 պոստ»՝ վայելելու ձմեռային հեքիաթը։
«Հետո խաղաղ, իրար վայելելու երեկոներ էին գալիս և այն ամենակարևորն էր մեր կյանքում»։
2020թ․-ից հետո արդեն Ամանորն այսպես ասած՝ ամանորյան տրամադրությամբ չեն դիմավորել։
«2020թ․-ի պատերազմից հետո մենք այլևս այն չենք և երբեք այն չենք լինի։ 2025թ․-ինն էլ սովորականի պես դիմավորեցինք՝ ընտանեկան ընթրիք։ Մաղթանքս է, որ գալիք տարին ավելի լավը, քան նախորդը։ Հստակեցնենք, թե ինչ նկատի ունենք խաղաղություն ասելով, ինչպիսի՞ն ենք այն պատկերացնում, ի՞նչ պայմաններում կամ ո՞վ և ինչպե՞ս կվճարի այդ խաղաղության գինը։ Սրանք հարցեր են, որոնք օդում կախված են և չունեն պատասխաններ»,- ասաց նա։
Արցախցու համար նախատոնական օրերին մայրաքաղաքում տիրող տոնական աժոտաժը մի քիչ ընդունելի չէ, քանի որ վերջերս Սիրիայում տեղի ունեցած դեպքերի պատճառով մեր հայրենակիցները հայտնվեցին ծանր վիճակում։
«Կցանկանայի, որ ավելի ապրումակցող լինեիք, կարողանանք ընկալել այն ցավը, ողբերգությունը, որի մեջ հայտնվում է մեր կողքինը, հայրենակիցը, մեզ նման մարդը։ Կարծում եմ՝ Ամանորի խորհուրդը նաև դրանում է, որ հեքիաթ ստեղծենք ոչ միայն մեզ համար, այլ հեքիաթի մեջ բարություն լինի, որը կփոխանցենք կողքինին»,-նշեց Վանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան