Բրայլի տպագրությունն առաջին անգամ Հայաստանում 1921 թ-ին կիրառել է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը
2019 թվականից ի վեր, հունվարի 4-ին նշվում է Բրայլի այբուբենի համաշխարհային օրը: Այն ամրագրվել է ի պատիվ ֆրանսիացի մանկավարժ և գյուտարար Լուի Բրայլի ծննդյան տարեդարձի։
Բրայլի գրերի համաշխարհային օրվա հիմնական նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Բրայլի այբուբենի կարևորության վերաբերյալ՝ որպես հաղորդակցության արդյունավետ միջոց, որը նպաստում է կույր և տեսողության խանգարումներ ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրականացմանը։
Լուի Բրայլը ծնվել է 1809 թվականին ֆրանսիական փոքրիկ Կուվրե քաղաքում, կոշկակարի ընտանիքում։ Հոր արհեստանոցում աչքերի վնասման պատճառով Լ․Բրայլը 5 տարեկանում լրիվ կուրացավ։ Բրայլի ծնողները անխոնջ ջանքեր գործադրեցին, որպեսզի իրենց որդին, չնայած կուրությանը, հնարավորություն ունենա ստանալու կրթություն։ 10 տարեկանում նրան տեղավորեցին Կույր երեխաների թագավորական դպրոց։ Դպրոցում Բրայլը սովորեց ընթերցել Գայուի մշակած ուռուցիկ-գծային այբուբենի միջոցով, որը, սակայն, ուներ որոշ թերություններ։ 12 տարեկանում նա ծանոթացավ «գիշերային գրին»՝ ռազմական կրիպտոգրաֆիկական համակարգի, որտեղ տառերը ներկայացված էին կետերի համակցություններով։ Այս շիֆրը ոգեշնչեց պատանի Բրայլին ստեղծելու կույրերի համար իր սեփական գրային համակարգը։ Նա իր գրի հիմքում օգտոգործեց «գիշերային գրերը»՝ բանակային շիֆրը, որը ստեղծվել էր Շառլ Բարբիեի կողմից։ Բրայլի գրի առաջին տարբերակը հրապարակվեց 1824 թվականին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այսօր աշխարհում մոտ 1,3 միլիարդ մարդ ունի տեսողության տարբեր ձևերի խանգարումներ, որոնցից 36 միլիոնը տառապում է կուրությամբ:
Լ․ Բրայլի կողմից ստեղծված ուռուցիկ-կետային այբուբենը մինչ օրս շարունակում է մնալ կույրերի կողմից ամբողջ աշխարհում կիրառվող հիմնական գրային համակարգը։ Բրայլի այբուբենի առանձնահատկություններից մեկն այն է, որ ընթերցման գործընթացը կատարվում է ուռուցիկ կետերով, ուստի դրանք պետք է փորագրվեն թղթի հակառակ կողմից (աջից ձախ), իսկ ընթերցումը տեղի է ունենում սովորական ձևով՝ ձախից աջ։ Ընթերցելիս կետերը համարակալվում են սյունակներով՝ վերևից ներքև, մինչդեռ գրելու ընթացքում դրանք դասավորվում են հակառակ հերթականությամբ։
Ավանդական վեցկետանոց Բրայլի գրերը ներառում են 64 նշան, որոնցից 63-ը ինֆորմատիվ են, և մեկը՝ բացատ։ Իսկ ութկետանոց Բրայլի գրերը ներառում են 256 նշան՝ 255 ինֆորմատիվ և մեկ բացատ։ Կետերի տարբեր համակցությունների ընդհանուր թվի սահմանափակվածության պատճառով հաճախ օգտագործվում են երկբջիջ նշաններ (կազմված երկու նշաններից, որոնք ունեն իրենց առանձին գործառույթները), լրացուցիչ նշաններ (մեծ և փոքր տառերի նշաններ տարբեր այբուբեններում, թվային նշան և այլն)։ Յուրաքանչյուր համակցություն կարող է ունենալ մի քանի նշանակություն, երբեմն՝ մինչև տասնյակ։
Նշանը, որը պատկերված է 0.6 միլիմետր բարձրությամբ և 1.4 միլիմետր տրամագծով ուռուցիկ կետերի համադրությամբ, գրանցվում է 4.2 միլիմետր լայնությամբ և 7 միլիմետր բարձրությամբ բջիջում։ Այս ձևով գրված տեքստը, համապատասխան հմտության դեպքում, հեշտությամբ ճանաչելի է շոշափման միջոցով։ Այն ընթերցվում է մեկ կամ երկու ձեռքի ցուցամատերով։ Նշանների ընթերցման հեշտությունն ու դրանց կոմպակտությունը թույլ են տալիս կույր ընթերցողին բավականին արագ ընթերցել տեքստը։
Բրայլի գրերի հիման վրա կարելի է հասնել 150 բառ րոպեում ընթերցման արագության, ինչը կազմում է մոտավորապես տեսնողների ընթերցման արագության կեսը։ Ներկայումս Բրայլի համակարգը հարմարեցված է տարբեր լեզուների համար։
ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ Բրայլյան գրատեսակը հարմարեցվել է նաև հայերենի այբուբենին: Բրայլի տպագրությունն առաջին անգամ Հայաստանում 1921 թ-ին կիրառել է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը Գյումրիում` իր հիմնադրած դպրոցում:
Գոյություն ունի հայկական այբուբենի տառերի երկու տարբերակ՝ արևելահայերենի և արևմտահայերենի։ Ստեղծված լինելով տարբեր պայմաններում, նրանք արտահայտվում են տարբեր նշանների միջոցով։ Արևելահայերենն ստեղծվել է խորհրդային տարիներին և համապատասխեցված է ռուսերեն գրելաձևին։ Արևմտահայերենում բաղաձայնները խլացված են և արտահայտվում են լատինական համապատասխան տառի նշանով։ Բացի դա, «շ», «ղ» և «չ» տառերը պատկերվում են անգլերենում նույն հնչյուններն արտահայտող (աղյուսակում՝ sh, gh և ch) նշաններով։
Լինելով տաղանդավոր երաժիշտ, Բրայլը բացի տառերից ու թվերից նույն սկզբունքներով մշակել է նոտագրություն և երաժշտություն էր դասավանդում կույրերին։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան