ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Հայաստանի պարի պետական անսամբլի նախկին մենապարող, բալետի արտիստ, խորեոգրաֆ Նորայր Մեհրաբյանը:
Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականին Երևանում: 1948-1959 թվականներին ուսանել է Երևանի պարարվեստի ուսումնարանում: Նույն թվականին որպես բալետի արտիստ՝ Նորայր Մեհրաբյանն ընդգրկվում է օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բալետային խմբում և հանդես գալիս մի շարք ներկայացումներում՝ դրսևորելով կատարողական բարձր վարպետություն և բալետի արտիստին պատշաճող դերապարերի մարմնավորման յուրահատուկ կարողություն:
1959 թվականից՝ շուրջ 10 տարի, Նորայր Մեհրաբյանը հանդես է եկել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմում՝ հայկական բալետում կերտելով բազմաթիվ կերպարներ: Հատկանշական են բալետային ներկայացումներում նրա կերտած դերերը՝ Կարեն (Ա. Խաչատրյանի «Գայանե»), Նուրալի (Աստաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Փեսացու (Ա. Սպենդիարյանի «Խանդութ»), Ծաղրածու (Պ. Չայկովսկու «Կարապի լիճը»), Բազիլ (Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ»), Զինակից (Ա. Խաչատրյանի «Սպարտակ»), Վրեժ (Գ. Հախինյանի «Անմահություն»), Տիբալտ (Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ») և այլ դերապարեր:
1970 թվականին ճանաչված բալետմայստեր Լ. Յակոբսոնի հրավերով Ն. Մեհրաբյանը մեկնում է Լենինգրադ և շուրջ երեք տարի հանդես գալիս նրա խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խմբում: Երեք տարի հետո վերադարձել է Երևան և ստանձնել պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Խաչատրյանի «Ռուսական պարը», Ավետիսյանի «Զարթոնք», Սակիլարու «Չոփչոփիկ» և այլն։ 1984-1986 թվականներին եղել է օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը։ 1987 թվականին Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը։ Կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում։ Հրավիրվել է ու աշխատել է Համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարախմբերի հետ։ 1973 -1983 թվականներին եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ։ Աշխատել է նաև Հայաստանի Պարի պետական անսամբլում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան