Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին կամ Կաղանդը, Տարեմուտը դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին:
«Երբ ուսումնասիրում ենք պատրաստված կերակուրները, հասկանում ենք, որ դրանք չեն զիջել իրենց սննդարարությամբ: Ավելի ժուժկալ էին և Նոր տարվա խոհանոցային դրսևորումն ավելի ասկետիկ: Ցավոք այժմ մարդիկ շեշտը դնում են ուտելիքների առատության վրա և ներհայեցողական վերաբերմունք չեն ունենում տոնի կարևոր խորհրդին»,-Qahana.am կայքի հաղորդմամբ, ասել է Ծաղկաձոր համայնքի Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գոհար Գոգոլյանը։
Սուրբ Ծննդյան ուտեստների մեջ մեծ կարևորություն ունեն չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները: Տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ: Բրինձը խորհրդանշում է մարդկությանը, իսկ չամիչները նրանք են, ում Աստված ընտրեց՝ Իր գործը շարունակելու: Այս ուտեստների հետ միասին մատուցվում է գինի, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
Ամանորին կարելի էր ճաշակել աղանձ` համեմված ձավարով ու կանեփով, քունջութով և չամիչով, պասուց դոլմա՝ սիսեռով, ոսպով, լոբով և չամիչով, բայց գլխավոր զարդը քաղցրահամ Տարեհացն էր:
Հոգևորականը նշել է հոգևոր պատրաստության կարևորության մասին: Մեր Եկեղեցին ունի պահեցողության շրջան: Չպետք է մոռանալ, որ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո անհրաժեշտ է պահք պահել: Այն լուծվում է, երբ ստանում ենք Սուրբ Ծննդյան ավետիսը՝ մասնակցելով Ճրագալույցի Սուրբ Պատարագին: Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը նշել է, որ ժամանակին մարդիկ հետևել են այս օրինակին, հետագայում միտումնավոր մեծ շուք է տրվել Ամանորի տոնակատարությանը.
«Խորհրդային կարգերի ժամանակ սկսվեց մեծ շուքով նշվել Նոր տարին՝ ստվերելու հոգևորը: Մարդիկ սկսեցին մեծ նշանակություն տալ Ամանորի տոնակատարությանը՝ մոռանալով, որ այդ օրերը պահեցողության համար են: Եկեղեցին քրիստոնյային հորդորում է պահք պահել, ունենալ զուսպ կեցվածք»:
Պահքը, ըստ քահանայի, անհրաժեշտ է, որ պատրաստ լինենք՝ մասնակիցը դառնալու կարևոր իրադարձության. «Պահեցողությամբ մարդը կկարողանա մաքրվել, անցնել ապաշխարության շրջան և ի վերջո կարողանալ հաղորդակից լինել Հիսուս Քրիստոսի ծննդյան մեծագույն իրադարձությանը»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան