Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի
Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում
«Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրառատ տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ։
Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:
Սուրբ Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանը, իր քարոզում ներկայացնելով Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհուրդը, ի մասնավորի նշեց․ «Ինչպես ամեն նոր մարդու ծնունդ կոչված է լինելու սիրո պտուղ, այնպես էլ Աստվածորդու ծնունդը մարդկության հանդեպ Աստծո գերագույն և անսակարկ սիրո զորավոր ապացույցն է։ Քրիստոս Իր ծնունդով սկիզբ դրեց մարդկության փրկչագործությանը, որն իր կատարումին հասավ Տիրոջ խաչելության ու հրաշափառ Հարության խորհրդով։
Ամենակարող Աստված ընտրեց մարդեղության ճանապարհը՝ եկավ աշխարհ և մեզ հիշեցրեց, որ կոչված ենք դեպի երկինք, դեպի Իրեն գնալու ու Իր կյանքով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի այդ ընթացքը»։
Անդրադառնալով Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին, Արցախի կորստին՝ Վրթանես Սրբազանը նշեց․ «Սուրբ Ծննդյան մսուրի առաջ ծնկած՝ մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար, այս պահին սահմանը հսկող մեր զինվորների համար, մեր նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած և գերյալ մեր զավակների շուտափույթ վերադարձի համար»։
Պատարագիչ Սրբազանը, խոսելով Մանուկ Հիսուսի ծննդյամբ աշխարհին շնորհված խաղաղության մասին, ընդգծեց, որ աստվածային սկիզբը՝ հավերժ միավորված մարդկային բնության հետ, մարդուն վերադարձրեց հնարավորությունն ապրելու Աստծո սիրո օրենքի համաձայն, գործելու հավատքով և հույսով նայելու ապագային․ աստվածային խաղաղությունը սիրո մարմնացյալ դրսևորումն է թե՛ ազգային, թե՛ հասարակական և թե՛ ընտանեկան կյանքում։
Վերջում Պատարագիչ եպիսկոպոսը, աղոթք վերառաքելով առ Աստված, դիմեց ներկա հավատացյալներին՝ հորդորելով, որ Սուրբ Ծննդյան տոնախմբումը չլինի միայն սուրբգրային մի գեղեցիկ պատումի հիշատակում, այլ յուրաքանչյուրի սրտում ու հոգում թող ծնվի Մանուկ Հիսուս։ «Ամենքս այսօր մեզ հարցնենք. «իսկ իմ սրտում ես ծնունդ տվե՞լ եմ սիրո գործերի, իմ հոգում տեղ պատրաստե՞լ եմ հավատի համար, և իմ մտքում վա՞ռ եմ պահել արդյոք հույսի ջահը»։ Միայն դրական պատասխանի դեպքում Մանուկ Հիսուսի Ծնունդը պիտի լուսավորի մեր կյանքը և մեզ համար դառնա իրապես Սուրբ Ծնունդ»,-նշեց Վրթանես Սրբազանը։
Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Ավագ Սուրբ Խորան և վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որից կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը»,-ասվում է տեղեկատվության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
- Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան