Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան ճշմարտությունը»,-մինչ դատարանի դահլիճ մտնելը լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ այսօր կարմիր բերետավորների հետ կապված գործով նիստն է։ Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք պաշտոնատար անձ հանդիսացող ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նրանց նկատմամբ:
Ի պատասխան Տիրան Խաչատրյանի ձերբակալման, կալանավորման մասին հարցին՝ Լ. Քոչարյանն ասաց, 2018-ից ի վեր այս իշխանությունների աշխատաոճը նույնն է, ինչքան մոտենան ընտրությունները, այնքան կակտիվանան ձերբակալությունները։
Դատարանում արդեն տուժող ոստիկանին Քոչարյանը մի քանի հարցեր տվեց, օրինակ, որ ինքը ոստիկանների կողմից ենթարկվել է խոշտանգման, ինչի հետևանքով ստացել է վնասվածքներ, որոնք արձանագրվել են նաև դատաբժշկի եզրակացությամբ։
Հարցաքննվող ոստիկանն ասաց, ինքը չի իմացել այդ մասին մինչև ՔԿ կանչվել է հարցաքննության։
«Մի դեպքում դուք տուժող եք, Ձեզ երկու ժամվա մեջ հարցաքննում են, մյուս դեպքում ես եմ տուժող, ինձ հարցաքննում են 9 օրվա ընթացքում, այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ նորմալ է»,-հարցրեց Լևոն Քոչարյանը։
«Նորմալ է, խնդիր չեմ տեսնում»,-ասաց ոստիկանը։
Լևոն Քոչարյանը ոստիկանից հետաքրքրվեց, երբևէ տեսե՞լ է, կամ իր գործընկերներից լսե՞լ է, որ ինքը ցույցերի ժամանակ վիրավորել է ոստիկաններին, բռնության է ենթարկել ոստիկաններին։
Ոստիկանն ասաց՝ ոչ։
«Այնպես է ստացվել, որ մի ոստիկան է իմ դեմ զեկուցագիր գրել, որի հետ ես կարճ առնչվել եմ ինձ բերման ենթարկելու ժամանակ, ու հենց այն ոստիկանն է, ում դեմ ես ոստիկանություն հասնելուն պես հաղորդում եմ ներկայացրել ինձ հարվածներ հասցնելու համար, մինչդեռ ոչ մի տեսանյութ չկա, բռնության հետք չկա, զեկուցագիր է ներկայացնում, որ ես իբր իրեն հարվածել եմ։ Դուք ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում»,-նշեց Քոչարյանը՝ դիմելով ոստիկանին։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան