Միրզոյան. Զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է
«Ադրբեջանը ձեռք է բերում զինատեսակներ, հարձակողական, ինչպես դուք նշեցիք, մենք ևս ձեռք ենք բերում զինատեսակներ, իհարկե, անհամենատ ավելի համեստ քանակով, գումարով, ֆինանսներով»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով հարցին, արդյո՞ք Հայաստանտ դիվանագիտական խողովակներով աշխատում է այն երկրների հետ, որոնցից մեծաքանակ զենք է ձեռք բերում Ադրբեջանը։
Նա ասաց՝ զենք ձեռք բերելը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է, երկրի սահմանների պաշտպանության համար։
«Մենք ճանաչում ենք բոլոր մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, ակնկալում ենք, որ մեր հարևաններն էլ ճանաչեն մեր տարածքային ամբողջականությունը»,-ասաց Միրզոյանը։
Նա նշեց, այո, ունեն մտահոգություններ Ադրբեջանի հարձակողական մտադրությունների մասին, տեսել ենք, որ այդ զենքն օգտագործվում է Հայաստանի դեմ։
«Մենք առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել սպառազինության վերահսկման մեխանիզմներ, այս առաջարկը նույնպես մնացել է անարձագանք»,-ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանը նշեց, որ Հայաստանը ձեռք է բերել միայն պաշտպանողական զենք, և իհարկե, ձեռք բերված սպառազինությունը վերադարձնել չի պատրաստվում։