Սիրիայի թուրքամետ նոր առաջնորդն առաջին պաշտոնական այցը Թուրքիա կկատարի Էրդողանին շնորհակալություն հայտնելու համար
Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ-Շարաան իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։ Այն կարող է տեղի ունենալ հնարավորինս շուտ։ Այդ մասին հայտնում է Yeni Şafak թերթը։
Հրապարակման համաձայն՝ այցը պետք է կայանար առաջիկա օրերին, սակայն ծրագրում փոփոխությունների պատճառով հետաձգվել է։ Սպասվում է, որ այցի ընթացքում ալ-Շարաան կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որին, ինչպես գրում է թերթը, Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը մտադիր է շնորհակալություն հայտնել Բաշար ալ-Ասադի վարչակազմը տապալելու գործում աջակցության համար։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
Yeni Şafak-ը հիշեցնում է, որ Սիրիայում ընդդիմության իշխանության գալուց հետո Դամասկոս այցելած առաջին օտարերկրյա ներկայացուցիչը Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Կալինն էր։ Նրան հետևելով Սիրիայի մայրաքաղաք է այցելել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Սիրիայի նոր իշխանությունները Մուհամմեդ ալ-Բաշիրին նշանակեցին ժամանակավոր կառավարության ղեկավար։ Մեկնաբանելով իր նշանակումը՝ նա հայտարարեց, որ անցումային շրջանը հանրապետությունում կտևի մինչև մարտի 1-ը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները կարող են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել
- Al Arabiya. Թուրքական զինված ուժերը հարվածել են Սիրիայի Սուլուկ բնակավայրին
- Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը