Թաթոյան. Մենք պետք է դուրս գանք ՔՊ իշխանության քարոզի գերությունից
«Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներքո: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա նվաճողական նկրտումներն առաջ մղելու հարցում»,-Ալիևի հայտարարություններին այսպես է արձագանքել Հայաստանի նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի հիմնադիր-ղեկավար Արման Թաթոյանը։
Նա ընդգծում է, որ ՔՊ վերնախավն ու նրա ղեկավարն ամեն ինչ անում են՝ մեկ օր ավելի իշխանությունում մնալու և պետության հաշվին վայելքների համար՝ ի հաշիվ Հայաստանի անվտանգության և առհասարակ գոյության։ Դրա համար, երկիր կառավարելու փոխարեն, նրանք լծված են իշխանություն պահպանելու քարոզչությանը, սակայն նրանց իշխանությունում մնալն արդեն հակադրվում է մեր ժողովրդի իրավունքներին ու պետության շահերին:
«Հենց իշխանությունը պահպանելու առաջնահերթության պատճառով նրանք մոլի ջանքերով քայքայում են մեր պետականությունը և թուլացնում մեր ժողովրդի դիմադրողականությունը։
Այդ քարոզչության բաղկացուցիչ մասն են կազմում երկրի ներսում մեկ ընտանեկան զույգի կողմից առաջ քաշվող օրակարգերը, որոնց տարածմանը չպետք է որևէ կերպ նպաստել։
Արդյունքում՝ երկրում արմատավորվում է պետականությունը քայքայող ավտորիտար կառավարումը: Լուրջ խնդիրներ են առաջացել երկրի կառավարման, մարդկանց իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության, զինված ուժերի և դիվանագիտության ղեկավարման համակարգերում։
Մենք պետք է դուրս գանք ՔՊ իշխանության քարոզի գերությունից, որպեսզի կարողանանք դիմակայել Հայաստանի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին»,-նշում է Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խրախուսել հասարակության ինքնուրույնացման ճանապարհը. Վահե Հովհաննիսյան
- Դավիթ Անանյան. Երկրում պետք է հայտարարվի արտակարգ դրություն, իսկ զինված ուժերը պետք է բերվեն բարձր մարտական պատրաստվածության
- Առաջիկայում պետք է պատրաստվել Ադրբեջանի առավել ագրեսիվ վարքագծին. Արմեն Պետրոսյան