Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․
«Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս գրման քաոսի հետ կապված Առողջապահության նախարարության տրված պարզաբանմանը․
1. Մարդասիրական օգնությամբ դեղորայք ստանում են բացառապես պետական պատվեր ունեցող բժշկական կազմակերպությունները և բաց են թողնվում այդ դեղերը բացառապես ներհիվանդանոցային դեղատնից (ոչ առևտրային), իսկ այն բժշկական հաստատությունները, որոնք չունեն ներհիվանդանոցային դեղատուն,օրինակ ամբուլատորիաները, բժիշկը գրում է դեղատոմսը ու ինքն էլ տալիս է դեղը։ Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է։
2. Բազմիցս խոսվել է «Արմեդ» համակարգի խափանումներից, սակայն ՀՀ առողջապահության նախարարություն ը դա չի ընդունում։ Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման ծրագիրը մեկնարկվել է 2024 թվականի մարտի 1-ին, իսկ ըստ ՀՀ ԱՆ-ի պատասխանի՝ «Արմեդ»-ը իր տեխնիկական հնարավորությունները բարելավել է մայիսին` ձեռք բերելով 469300000 դրամ արժողությամբ սարքավորումներ, որի տեղադրումը ավարտվել է հուլիսին։ Անհասկանալի է, այդ ներդրումը բավարար է, շատ է թե քիչ, քանի որ ընդհամենը գումարային արտահայտություն է, բայց համենայնդեպս, հաստատվում է, որ մարտից հուլիս «Արմեդ» համակարգը աշխատել է խափանումներով և դեռ շարունակում է ՝ հատկապես ամսվա վերջին օրերին , երբ բոլոր բժշկական հիմնարկները տալիս են ընթացիկ հաշվետվությունները։
3. 01 մարտից մինչև 01 դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ընդամենը 97377 հիվանդի միջոցով գնվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսեր է գրվել, որը չնչին թիվ է (օրական կտրվածքով ընդամենը 360 դեղատոմս), և իր հերթին ապացուցում է, որ էլեկտրոնային դեղատոմսերի կոմերցիոն (ոչ պետպատվերի շրջանակներում իրականացվող) շրջանառությունը փաստացի չի գործում: Նախարարությունից փաստում են, որ 97377 դեղատոմսից միայն իրացվել են 30360-ը, որը իրենց համար անհասկանալի է։ Բացատրեմ , մարտի 1-ին ի հեճուկս բոլոր կրթական հանդիպումների և ծրագրերի, բժիշկները չգիտեին ինչպես գրել դեղատոմսը և իրենք իրենց, բուժքույրերի, մայրապետերի, իրենց ընտանիքի անդամների վրա դեղատոմսեր էին գրում՝ սովորելու համար, ինքնակրթվում էին, որից առաջացել է այդ թիվը։
Գրության մեջ ներառված լիրիկական զեղումները աղերս չունեն ՀՀ առողջապահության համակարգի հետ, ուստի նպատակահարմար չէ անդրադառնալ»։