Հարութ Սասունյան. «Լլադրոն» արտադրում է «Ղարաբաղյան նժույգ» ճենապակե արձանիկներ՝ Ադրբեջանի քարոզչության համար
Ցավոք, այս աշխարհում կարևորվում են միայն փողն ու ուժը: Մյուս բոլոր հարցերը, որոնք միամիտ մարդիկ արժևորում են, ինչպիսիք են ճշմարտությունը, արդարությունը և մարդու իրավունքները, ինքնակործան խաբկանքներ են: Հարուստ ու հզոր մարդիկ և երկրները կարող են անել գրեթե ամեն ինչ: Նրանց կարող են կանգնեցնել միայն ավելի հզորները։ Թույլերը հզոր գայլերի ողորմության ներքո են։
Այս մտքերը ծագեցին գլխումս, երբ նամակ ստացա Իսպանիայի Վալենսիա քաղաքում ճենապակե արձանիկներ արտադրող աշխարհահռչակ «Լլադրո» (Lladro)՝ ընկերությունից: Շատերն իրենց տներում ունեն «Լլադրո» ընկերության արձանիկների թանկարժեք հավաքածուներ: Մարդիկ դրանք հաճախ նվեր են տալիս:
«Լլադրոյից» ստացածս նամակը գովազդ էր՝ վաճառելու իր վերջերս արտադրած ճենապակյա արձանիկը, որը կոչվում է «Ղարաբաղյան նժույգ»: Նժույգի պատկերին կից նամակում գրված էր. «Ղարաբաղյան նժույգն Ադրբեջանի մշակութային ժառանգության և նրա աննկուն ոգու խորհրդանիշն է: Մեր նկարիչներն այն պատկերել են ճենապակյայով՝ ընդգծելու այս յուրահատուկ ցեղատեսակի շքեղությունն ու գեղեցկությունը: Հետևելով հնագույն ավանդույթին՝ նժույգը ծածկված է ղարաբաղյան գորգի հայտնի նախշերով՝ զարդարված վառ գույներով և ոսկեգույն փայլերով: Բացահայտե՛ք այս նմուշի բոլոր մանրամասները, որը հասանելի է միայն սահմանափակ քանակությամբ»։
Վերոնշյալ կարճ պարբերությունում «Լլադրոն» մի քանի փաստացի սխալներ է թույլ տվել։ Նախ, ղարաբաղյան ձին չի կարող լինել Ադրբեջանի խորհրդանիշը, քանի որ Ղարաբաղը (Արցախը) պատմական Հայաստանի մի մասն է։ Իրավիճակն ավելի վատթարացնելով, «Լլադրոն» կեղծորեն ավելացրել է, որ այս ձին Ադրբեջանի «մշակութային ժառանգության և նրա աննկուն ոգու» խորհրդանիշն է։ Չկա Ադրբեջանի «մշակութային ժառանգություն» հասկացություն, քանի որ երկիրը 100 տարեկանից մի փոքր ավելի է: Ինձ համար անհասկանալի է նաև «Լլադրոյի» ակնարկն Ադրբեջանի «աննկուն ոգու» մասին։ Որտեղի՞ց է գալիս այդ «աննկուն ոգին»։ Ադրբեջանն իր կարճատև պատմության ընթացքում զբաղված է եղել հայ ռազմագերիների բարբարոսական գլխատմամբ, կոտորածներով, էթնիկ զտումներով և ցեղասպանություններով, ավերել է հայկական եկեղեցիներն ու մշակութային հուշարձանները, խեղաթյուրել պատմությունը և իրականացրել սեփական քաղաքացիների մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, այդ թվում՝ շինծու մեղադրանքներով լրագրողների և քաղաքական այլախոհների բանտարկումը։
Քանի որ ես շատ քիչ բան գիտեմ ձիերի մասին, համացանցում փնտրեցի «Ղարաբաղյան ձիու» մասին։ Ահա թե ինչ եմ գտել. «Ղարաբաղյան ձիերի ցեղատեսակը կրում է պարսկական ձիերի և այլ ցեղատեսակների ազդեցությունը, ինչպիսիք են ախալթեքեյան, կաբարդական, թուրքմենական և արաբական ձիերը»: Ախալթեքեյան ձին ծագում է Թուրքմենստանից, իսկ կաբարդականը՝ Ռուսաստանի Կաբարդա-Բալկարական Հանրապետությունից: Այդ նախադասության մեջ ես չեմ տեսնում որևէ հղում Ադրբեջանին։
Մեկ այլ ակնհայտ սխալի մեջ «Լլադրոն» իր էլեկտրոնային նամակում բացատրել է, որ «Ղարաբաղյան ձի» նշանակում է «Ոսկե ձի», որը սխալ է։ «Ղարաբաղ» անունը կազմված է երկու բառերից՝ «ղարա», որը թուրքերեն նշանակում է սև, և «բաղ», որը պարսկերեն նշանակում է այգի։ Ուստի Ղարաբաղ նշանակում է Սև այգի։
«Լլադրոն» վաճառում է «Ղարաբաղյան նժույգ» ճենապակե արձանիկը՝ յուրաքանչյուրը 6580 դոլարով։ Այն «սահմանափակ քանակությամբ» արտադրություն է՝ ընդամենը 750 օրինակ։ Արձանիկը կշռում է 9 կգ, նրա չափերն են՝ բարձրությունը՝ 43 սմ, լայնությունը՝ 51 սմ և երկարությունը՝ 20 սմ:
«Ղարաբաղյան նժույգի» արձանիկը գովազդելու համար «Լլադրոն» իր շնորհանդեսն անցկացրել է Բաքվի Շիրվանշահ պալատի թանգարանում, որտեղ Ադրբեջանի ազգային կոնսերվատորիան կենդանի երաժշտական համերգ էր կազմակերպել: Հրավիրված բանախոսը եղել է Յաշար Քուլուզադեն, որն ամենամեծ թվով ղարաբաղյան իսկական ձիերի տերն է:
Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ներկայացնելու և ղարաբաղյան ձիու տարածմանն ամբողջ աշխարհում նպաստելու համար, նախագահ Ալիևը 2022 թվականին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ին նվիրել է ղարաբաղյան ձի և ձիասպորտի թեմայով երկու քանդակ։ Սա արդեն երկրորդ անգամն է, որ թագուհին ղարաբաղյան նժույգ է ստանում Ադրբեջանից։ Առաջինը եղել 1956 թվականին։
Քանի որ «Լլադրոյի» ղեկավարներին հետաքրքրում է միայն շահույթը, ապա հայերը և նրանց աջակիցները պետք է հակազդեն ղարաբաղյան նժույգի օգտագործմանը որպես ադրբեջանական քարոզչության գործիք՝ բոյկոտելով «Լլադրոյի» բոլոր ապրանքների գնումը: Բողոքները պետք է ուղարկվեն «Լլադրոյի» գլխավոր գործադիր տնօրեն Աննա Ռոդրիգես Նոգեյրասին, որի էլեկտրոնային փոստի հասցեն է՝ [email protected]։
Ես չգիտեմ, թե ինչ բիզնես պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի ղեկավարների և «Լլադրոյի» միջև։ Ո՞վ քանի տոկոս է ստանալու վաճառքից և ո՞վ է անձամբ օգտվելու ստացված եկամուտից:
Զարմանալի է, որ «Ղարաբաղյան նժույգի» արձանիկները դեռևս սպառված չեն, քանի որ դրանք թողարկվել են մի քանի ամիս առաջ։ Քանի որ Ադրբեջանի ղեկավարները շքեղ նվերներ են ընծայում Ադրբեջան այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչո՞ւ նրանք չեն գնել «Ղարաբաղյան նժույգի» ճենապակյա բոլոր 750 օրինակները և դրանք չեն տվել որպես հուշանվերներ: Համոզված եմ, որ նախագահ Ալիևը, որը միլիարդատեր է, կարող է հեշտությամբ իրեն թույլ տալ գնել բոլոր 750 օրինակները՝ յուրաքանչյուրը 6580 դոլարով՝ 4,9 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։
Հարութ Սասունյան
http://www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան