Meta-ն հայտարարում է կապիտուլյացիա ու ընդունում Մասկի և Թրամփի կանոնները, բայց դեռ պետք չէ ուրախանալ. Սամվել Մարտիրոսյան
Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախօրեին հայտարարել է, որ ամերիկյան Meta ընկերությունը հրաժարվելու է փաստերի ստուգման ծրագրից, Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը, կհանվեն տարբեր թեմաների շուրջ հրապարակումների համար գործող սահմանափակումները։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրուցում նշեց, որ դեռ պետք չէ շատ ուրախանալ, որ, օրինակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին գրառումները, նյութերը չեն գրաքննվի։
«Մենք պետք է սպասենք այս ամեն ինչի կիրառմանը, որպեսզի հասկանանք՝ ինչպես է արտահայտվելու»,- ասաց նա։
Ըստ Ս.Մարտիրոսյանի, արդեն պարզ է, որ սա քաղաքական որոշում է, քանի որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի մեղադրել է դեմոկրատական հայացքներ ունեցող սոցիալական ցանցերի ղեկավարներին գրաքննության հետ կապված և Մարկ Ցուկերբերգի հայտարարությունը փորձ է հետևել Թրամփի ասածներին։
«Այն, ինչ արվում էր փաստերի ստուգման տեսանկյունից, այն էր, որ ինչ-որ մի բան ընդունվում էր որպես ճշգրիտ, ինչը դրան չէր համապատասխանում, հեռացվում էր Meta-ից։ Սրա ամենավառ օրինակը քովիդի հետ կապված գրառումներ էին։ Օրինակ, մարդիկ, որոնք հայտարարում էին, որ քովիդը արհեստածին է, իրենց փակում էին հիմնական սոցիալական ցանցերում։
Փաստացի, Ցուկերբերգն այս հայտարարությունով ցույց է տալիս, որ ընդունում է Թրամփի կանոնները»,- ասաց Ս.Մարտիրոսյանը։
Նշենք, որ X-ի սեփականատեր Իլոն Մասկը ողջունել է Մարկ Ցուկերբերգի հայտարարությունը՝ նշելով՝ «սա հիանալի է»։
«Իլոն Մասկը, որը փաստացի Դոնալդ Թրամփի ամենամոտ խորհրդականն է, երբ գնեց Թվիթերը ու դարձրեց X, փաստերի ստուգման հանդեպ մոտեցումը փոխեց։ Նա հայտարարել էր, որ Թվիթերում եղել է գրաքննություն, ընդ որում՝ քաղաքական մեղադրանքներ կային, որ դեմոկրատների օգտին է դա արվել։ Նա փոխեց մոտեցումը, և հիմա համայնքը կարող է կամայական թվիթի գրառման վերաբերյալ կարծիք հայտնել։ Meta-ն գնում է այդ ճանապարհով։
Մինչև վերջերս Meta-ն այլ ձև էր աշխատում, համագործակցում էր Փոինթերի ինստիտուտի հետ, որը որպես անկախ մարմին ստեղծել էր փաստերի ստուգման համայնք, այդ համայնքը լիցենզավորված էր Meta-ի կողմից։ Պետք է փաստերը ստուգեր, ստուգման արդյունքները տրամադրեր Meta-ին, Meta-ն դրա հիման վրա ինչ-որ գրառումներ փակում էր, էջերի դիտելիությունը նվազեցնում։ Հայաստանում այդ գործառույթը «ՍիվիլՆեթն» է կատարում։
Հիմա Meta-ն հայտարարում է կապիտուլյացիա ու ընդունում է Մասկի և Թրամփի վարչակազմի կանոնները»,- ասաց Ս. Մարտիրոսյանը։
Հարցին, այսինքն արդեն կարելի է գրել, օրինակ, Մոնթե Մելքոնյան անունը և այդ գրառումը, նյութը չի արգելափակվի կամ այդ էջի դիտելիությունը չի նվազի, փորձագետն ասաց. «Հարցն այն է, թե ինչպես Meta-ն կկիրառի։ Լսել ենք հայտարարությունը, բայց պետք չէ շտապել ուրախանալ, որ Մոնթեով գրառումները չեն գրաքննի։
Ես երեկ Ցուկերբերգի այդ հայտարարությամբ կիսվել էի, ընկերս մեկնաբանություն էր գրել, որ հիմա Մոնթեի մասին կարելի է հանգիստ գրել և իր այդ մեկնաբանությունն արգելափակվել էր։ Դեռ առնվազն բան չի փոխվել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան