Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, ուղղակի անհնար է: Այստեղ կա մեկ մաքսային տարածք, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, այնտեղ՝ տարբեր նորմեր»,-ասել է նա։
Պեսկովը կոչ է արել սպասել Բրյուսելի արձագանքին Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու նախաձեռնությանը։
«Մենք գիտենք, որ Եվրամիությունն է նախաձեռնում անդամակցության գործընթացները։ Այստեղ մենք պետք է հասկանանք, թե ինչ դիրքորոշում ունի Եվրամիությունը այս հարցում»,- ասել է Պեսկովը։