ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ ունեցե՞լ է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «այս օրերի ընթացքում շփումներ չեն եղել»։
Նրա խոսքով, Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ։
«Եվ մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահություն և անվտանգության մթնոլորտ լինի Կովկասում։ Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, և մենք կարևորում ենք այդ հարաբերությունները։ Եվ մենք մտադիր ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերությունները շարունակեն զարգանալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։