ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր, հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Փասադենայի Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը:
Վարժարանի շենքը մոխրացել է Իթոն հրդեհի բոցերի մեջ։
«Սահակ-Մեսրոպ դպրոցն այլևս գոյություն չունի։ Շատ ցավալի է, բայց հայերն ուժեղ են և պետք է վերակառուցեն ավելի լավ դպրոց։ Մենք պետք է ավելի քան երբևէ համախմբվենք»,- ասել է հովիվ Հալաջյանը:
Սահակ-Մեսրոպն ամենօրյա վարժարան է։ Հիմնվել է 1980 թվականին, Ալթադենայում՝ հայ համայնքի մի խումբ հավատացյալ գործիչների նախաձեռնությամբ։ Ունի մանկապարտեզ և միջին բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։
Հիմնադիրը լիբանանցի ճարտարապետ Մայք Յուսեֆյանն է, որը 1976 թվականին ընտանիքի հետ փախել է Լիբանանի քաղաքացիական պատերազմից՝ հաստատվելու Փասադենայում
Հունվարի 7-ից Լոս Անջելեսի արևմուտքում անտառային հրդեհներ են, որոնք քամու պառճառով տարածվել են դեպի բնակավայրեր։ Հունվարի 8-ի դրությամբ հրդեհի տարածքը հասել է 13,44 քմ կմ։ Տարբեր շրջաններում հայտարարվել է տարհանում։
Լոս Անջելեսի մերձակայքում սկսված անտառային հրդեհների հետևանքով, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, արդեն 5 մարդ զոհվել է, շատերը լուրջ վնասվածքներ են ստացել, տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվում են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում խոշոր բնական աղետ է հայտարարել։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
- ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
- Լոս Անջելեսում մասայական տարհանումներ են՝ քամու ու հրդեհների պատճառով