Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։
«Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։ Հիշեցնենք նաև, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։
Եվս մեկ անգամ խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են նույնականացվել և արտոնյալ փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։
Առաջիկա օրերին կհայտարարենք նաև ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։
Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ transport.yerevan.am կայքի միջոցով»,-նշում են քաղաքապեարանից։
Նշվում է, որ տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։