ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». Պետքարտուղարություն
ԱՄՆ-ն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունեի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցերին։
Նախօրեին կայացած ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու, այդ նպատակով առաջիկայում կայանալիք պաշտոնական երկկողմ հանդիպման ու սպասվող փաստաթղթի մասին հարցին, մասնավորապես, ասել էր․ «Նախ, ուզում եմ ասել, որ [հայ-ամերիկյան համագործակցությունը] ռազմավարական բնույթի չենք բարձրացնում, ռազմավարական բնույթն արդեն իսկ կա, ու մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթուղթը կամ փաստաթղթեր այս մասին, իհարկե, կան: Եվ նաև ուզում եմ ասել, որ հանդիպում էլ է քննարկվում, նախատեսվում․․․ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների և Միացյալ Նահանգները ներկայացնող պաշտոնյաների միջև»։