Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին և մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով մի շարք հանգամաներերից»,- կառավարության նիստում հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանն ու ԵՄ-ն ինտենսիվ ու դինամիկ հարաբերություններ են ունեցել, որոնք ընդգրկել են տաբեր ոլորտներ։
Ըստ Միրզոյանի՝ ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը, պատրաստակամություն է հայտնել ներգրավվել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը, աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։
Նախարարը հիշեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։
«Մենք հնարավոր համարելու նշանները տեսել ենք»,-հայտարարեց Միրզոյանը։
Փաշինյանն էլ հավելեց, թե սցենարներից որևէ պարագայում Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ «միայն ու միայն» այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե ու ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակցիների սահմանված չափով «կողմ» ձայներ կստացվեն։
«Բայց նաև պետք է արձանագրել, որ այս օրենքի ընդունման պարագայում մենք պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենանք՝ մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը։ Իմ պատկերացումն այն է, որ այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ-ի հետ պետք է քննարկենք ճանապարհային այն քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում ու որը մենք ենք պատկերացնում, մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ դեպի եվրոպա գնալու մասին հայտարարել է ԵԽ բարձր ամբիոնից և պետք է հետևողական լինեն խոստմանը։