Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների հաշվառման նախագիծ: Նախագծով նախատեսվում է ստեղծել Ստեփանակերտ քաղաքի մոնումենտալ արվեստի կոթողների հնարավորինս ամբողջական պատկերազարդ թվային ցանկ:
«Մենք տեսնում ենք, թե ինչպիսի արագ տեմպերով Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հուշարձանները, մոնումենտալ արվեստի կոթողները։ Այս նախագծով փորձում ենք հավաքագրել Ստեփանակերտում տեղադրված կոթողների ցանկերը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։
Ցանկում յուրաքանչյուր կոթող կունենա իր հեղինակի անունը, տեղադրման ամսաթիվը, ում հիշատակին է կառուցվել և գտնվելու վայրը:
«Այդ ցանկերի ստեղծմամբ մենք փորձում ենք հնարավորինս ապահովել այդ կոթողների պահպանությունը, փորձում ենք ամեն դեպքում մեր միջավայրի հիշողությունը պահպանել հանրության մեջ», - ասաց նա։
Նախագծի շրջանակներում հավաքագրվում են Ստեփանակերտի տարբեր թաղամասերում տեղադրված ցայտաղբյուրների, արձանների, տարբեր առիթներով ստեղծված կոթողների, հարթաքանդակների լուսանկարները:
«Մենք ունենք մեծ քանակությամբ նոր ձևավորված մոնումենտալ արվեստի արձանների խմբաքանակ՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին կառուցված կոթողները։ Դա մեր աշխատանքի շատ մեծ ու կարևոր մասը կլինի ոչ միայն, որովհետև դրանք մոնումենտալ արվեստի դրսևորումներ են, նաև հավերժացնելու այն մարդկանց անունները, որոնք զոհվել են պատերազմների ընթացքում»,- ասաց Ս.Շահվերդյանը։
Նա նշեց, որ իրենք կհրապարակեն այդ ցանկերը, կտրամադրեն Հայաստանի պատկան մարմիններին՝ միջազգային հարաբերություններում օգտագործելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ոչ մի ժամանակ չի բավարարվելու. Սերգեյ Շահվերդյան
- Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. Շահվերդյան
- Արցախում կորցրել ենք ավելի քան երեք տասնյակ թանգարան. Սերգեյ Շահվերդյան
- Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը.Շահվերդյան
- Լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը
- Արցախի թեմ. Մեզ համար առավել ցավալի է մեր անզոր վիճակը, որ չենք կարողանում արձագանքել կամ կանխել վանդալիզմի դեպքերը
- Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ Խաչատուր Աբովյանի արձանը. Հայքի մշակութային օմբուդսմեն
- Ադրբեջանի վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը․ Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակ
- Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքեր՝ Ստեփանակերտում
- Վանդալիզմ՝ Արցախի Սպիտակ խաչ վանքում