Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ արդեն վախենում է Ալիևի ինքնասիրահարված ոգևորությունից, շտապում է հայտնել, թե իրենք ադրբեջանի կողքին են, մի ազգ-երկու երկիր են...
Մենք էլ էինք մի ազգ-երկու երկիր՝ Հայաստան-Արցախ։
Իրավիճակի ոչ մի քննարկում, վերլուծություն չկա, որ մտովի, նորից ու նորից ինձ չտանի մեր կորուստների անդիմանալի իրողությանը։ Դպրոց, մշակույթ, գիտություն, տնտեսություն, ազգ, մարդ, ընտանիք, որդի... ինչի մասին էլ սկսեմ գրել, հասնում եմ նույն բանին՝ մենք կորցրեցինք Արցախը, հայրեր, որդիներ, եղբայրներ, քույրերի. Մենք ոչինչ չենք անում պաշտպանելու Հայաստանը, ասել է՝ դպրոց, մշակույթ, գիտություն, տնտեսություն, ազգ, մարդ, ընտանիք...
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» հայտնում է, թե՝ ականազերծվել են ընդհանուր 91 948 մ² մակերեսով վտանգավոր տարածք` Տավուշի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, և որ «պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն՝ ըստ հաշվառումների, առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում»։
Մի կողմից ասում էին, թե սահմանին զինվոր չի հերիքում, աղջիկներին ու կանանց էլ են զորակոչելու, մյուս կողմից սահմանը ականազերծում են։ Ու նկատեք որ հատվածներում՝ Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր։ Տավուշն էլ տեսաք ինչ եղավ՝ ականազերծեցին հայ զինծառայողները, նույնիսկ՝ պայթեցին ականների վրա ու հանձնեցին ադրբեջանցիներին։
Ադրբեջանից հայտարարում են, որ նոր սահմանագծման պայմանավորվածություն ունեն Հայաստանի հետ, օր հետո Հայաստանից զեկուցում են սահմանամերձ գոտին ականներից մաքրման մասին։
Արդեն նույնիսկ մի ծեղ հավատ չկա այս իշխանությունների նկատմամբ, որ մտքումս ասեմ ինձ՝ թուրքերի համար են այդպես ասում, հաստատ ոչ թե ականազերծել են, այլ՝ նոր ու որակով ականապատում են արել։
Էլ ոնց միտքս չգնա դեպի անպաշտպան երկիր, ընտանիք, երեխաներ։ Ինչպես վստահ լինել, որ վերջին պահից առաջ ժողովուրդը կմիավորվի, կանգ կառնի հապշտապ ապրելու իր ռիթմից ու կհասկանա, որ ապրելու համար լրիվ ուրիշ բաներ է պետք անել։
Հիմա ֆեյսբուքում ձվածեղ ու հագուստ են քննարկում՝«քննարկել, թե չէ» բանակներով, ու այս ամենը այնպես մոռանալ Հերոստրատ է հիշեցնում։ Միայն թե ավելի վատ՝ տաճար այրողի ձեռքը դեռ ոչ ոք չի բռնել։
Ա. Ո.