Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում գումար վաստակելու համար արտերկիր մեկնել՝ ամիսներով, երբեմն էլ տարիներով թողնելով իրենց ընտանիքները։ Հիմնականում ո՞ւր են գնում Ջավախքի բնակիչները փող աշխատելու և ինչո՞ւ։
Jnews-ը գրում է, որ Ջավախքից աշխատանքային զանգվածային արտագաղթի հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է։ Ռուսաստանը շարունակում է մնալ փող աշխատելու ամենահայտնի ուղղությունը։ Տեղի բնակիչների խոսքերով, այնտեղ աշխատանք գտնելն ավելի հեշտ է՝ շնորհիվ Ջավախքից ձևավորված սփյուռքի, որն արտագաղթել է վերջին 30-40 տարիների ընթացքում։ Նրանցից շատերը հիմնել են իրենց շինարարական ընկերությունները, որտեղ ժամանակավոր աշխատանքի են տեղավորվում Ջավախքից գնացած սեզոնային աշխատանքային միգրանտները։
Jnews-ը հարցում է անցկացրել Նինոծմինդա քաղաքի փողոցներում և Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում, թե ո՞ւր են գնում աշխատանքի հարցվածները կամ նրանց հարազատներն ու ընկերները, և ինչու:
Ի տարբերություն Ռուսաստանի, եվրոպական երկրները խոպանի համար դեռևս մնում են չընդունված ուղղություններ՝ տարբեր պատճառներով։ Սակայն նրանք, ովքեր որոշում են մեկնել աշխատելու Եվրոպա, նշում են, որ այնտեղ աշխատավարձերն ավելի բարձր են, տնտեսությունն ավելի կայուն է, ինչի պատճառով եվրոյի և դոլարի փոխարժեքը կտրուկ անկումներ և թռիչքներ չի ունենում։ Չնայած այս առավելություններին, բնակիչներից քչերն են ռիսկի դիմում և մեկնում Եվրոպա, շատ հաճախ միայն այնտեղ արդեն աշխատող ծանոթներից հավաստի տեղեկատվություն կամ աջակցություն ստանալուց հետո:
Մեծամասամբ արտագնա աշխատանքի են մեկնում տղամարդիկ։ Սա բերում է ընտանիքների երկարատև բաժանման, երբ կանայք ու երեխաները մնում են տանը, իսկ տղամարդիկ աշխատանքի վայրում՝ ամիսներով կամ նույնիսկ տարիներով։ Ձմեռը տարվա միակ եղանակն է, երբ ընտանիքը հավաքվում է մեկ հարկի տակ, քանի որ աշխատանքային միգրանտները տուն են վերադառնում Ամանորի նախաշեմին։
Վրաստանում պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի Ջավախքից աշխատանքային միգրանտների թվի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում