ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
«Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը», - ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
Նա հավելել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ շեշտելով, որ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործակմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։
Հիպերը նաև ասել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և դրա արժեքների գրավչությունը։
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
- ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
- Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
- ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
- Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում