Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ փորձագետ, մթնոլորտի ֆիզիկայի մասնագետ Արամ Գաբրիելյանը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանում օդի աղտոտվածությունն ուսումնասիրվում է ոչ թե բնական միջավայրի նկատմամբ, այլ հիգիենիկ տեսակետից՝ մարդու առողջության մասով։
«Ես այն կարծիքին եմ, որ բավարար ուսումնասիրված չեն օդի աղտոտման աղբյուրները։ Կան ենթադրություններ՝ շինարարությունն է , պակաս անտառապատվածությունը, հանքերը և այլն։ Փոշին տարբեր է լինում՝ մանր PM2.5 կամ 10 միկրոնից ավելի։ Առավել կարևոր է ուսումնասիրել PM2.5 փոշու քանակը, կարևոր է թե ինչպիսի նյութի բաղադրություն է ։ Դժբախտաբար Հայաստանում ո՛չ գիտական, ո՛չ էլ պետական հաստատություն չկա այդ խնդիրը համապարփակ ուսումնասիրելու, հետազոտելու համար։ Աղտոտվածության չափումներն ու ներկայացումն արնում են երկու կառույց՝ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը և Երևանի քաղաքապետարանը։ Ինչպես քննարկման ժամանակ պարզվեց, այս երկու կառույցները միմյանց հետ առանձնապես չեն համագործակցում և չեն համադրում տվյալները»,- ասաց Գաբրիելյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ օրերս մասնակցել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ տեղի ունեցած Երևան քաղաքում մթնոլորտային օդի աղտոտվածության թեմայով քննարկմանը։ Նա նշեց, որ քննարկման ընթացքում խոսվել է խնդիրների մասին և ընդգծվել հանրային իրազեկման բարձրացման անհրաժեշտությունը։
Ամեն դեպքում, փորձագետի համոզմամբ՝ մեծ մտահոգության օդի աղտոտվածության նկատմամբ պետք չէ ցուցաբերել։
«Պետք է հասկանալ, որ ձմեռային ամիսներին աղտոտվածության ցուցանիշն ավելի բարձր է։ Երբ սառը օդը կուտակվում է ստորին շերտում, հետևաբար կուտակվում են նաև բոլոր արտանետումները։ Փոշին նաև շարժման հետևանքով է առաջանում, շինհրապարակներում, նաև մեքենաները, երբ դուրս են գալիս շինհրապարակից, այս բոլորը տեսանելի խնդիրներ են, սակայն մանրամասն ուսումնասիրությունների և այս ամենը գիտականորեն ապացուցելու կարիք կա»,-ասաց նա։
Աղտոտման աղբյուրներից խոսելիս, փորձագետը հատկապես առանձնացրեց ավտոտրանսպորտը։
«Հատկապես 2,5 միկրոնից փոքր չափսի մասնիկներով աղտոտվածությունը տեղի է ունենում տրանսպորից։ Ընդ որում այն տեղի է ունենում ոչ միայն մեքենայից արտանետումների պատճառով, այլև մեքենան , երբ վարում են, անվադողերի մաշված մասնիկներն օդում են հայտնվում։ Արդ մասնիկներն ունեն մի առանձնահատկություն՝ դրանք մնում են օդում կախված, չեն իջնում հատակ։ Դրանք այնքան փոքր են, որ մարդու շնչառական ուղիներով կարող են անցնել արյան մեջ՝ ավելի մեծ վնաս պատճառելով»,- նշեց Գաբրիելյանը։
Ինչ վերաբերում է Երևանի և հարակից տարածքներում գործող հանքերի ազդեցությանն, ապա Արամ Գաբրիելյանի խոսքով՝ դրանք ևս կարող են օդի աղտոտվածության պատճառ լինել, սակայն այն ևս պետք է գիտականորեն ուսումնասիրել։
«Օրհուսի կոնվենցիայով կա արձանագրություն, որը 2003թ․-ին Կառավարության կողմից ստորագրվել է, բայց ՀՀ Աժ-ը մինչ օրս այն չի վավերացրել։ Ես գտնում եմ, որ այդ արձանագրության վավերացմամբ պատկան մարմինների նկատմամբ պարտավորությունը կխստանա։ Նրանք պարտավորված կլինեն իրազեկումն ու ներկայացումը պատշաճ մակարդակով իրականացնելու»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում