Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Ապարան հատվածում բախվել են «Chevrolet», «UAZ», «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, «MAN» և «Mitsubishi» մակնիշի բեռնատարները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի` օպերատիվ է գործել նաև «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:
Ըստ աղբյուրի, վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մեկինը՝ միջին ծանրության, մեկն էլ՝ ծանր կայուն: Ճանապարհը եղել է անցանելի, ճանշինը ճանապարհի մշակման աշխատանքներ է կատարել: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ վթարված «MAN»-ը պատկանում է «Երևան Սիթի» ընկերությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում