
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու օրենսդրական նախաձեռնությանը, որը կքննարկվի խորհրդարանի կողմից։
Լավրովը հիշեցրել է ԵԱՏՄ զարգացման հարցերով պատասխանատու ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհամատեղելի է։
«Դրանք երկու տարբեր ազատ առևտրի գոտիներ են, տուրքերի և մաքսատուրքերի նվազեցման կամ վերացման երկու տարբեր համակարգեր, որոնք չեն համընկնում»,- ասել է Լավրովը նախորդ տարվա գործունեության ամփոփմանը նվիրված ասուլիսում։