«Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության որը պետք է բնակելի համալիր կառուցի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Տեխնոտուն» ընկերությունը և Ֆրանսիական Accor-ի Pullman բրենդը ներդրումային ծրագիր են իրականացնում Երևանում՝ ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար բյուջեով: Թվում է` շատ լավ ծրագիր է, գովելի ներդրում, բայց ողջ խնդիրն այն է, որ նրանց հատկացվել է մի հողատարածք, որը Հայաստանի մայրաքաղաքի միակ մանկական առողջարանն էր: Էլ չունենք:
Հիմա՝ ամեն ինչի մասին հերթով:
Առաջին լուսանկարում տեսնում եք, որ տարիներ շարունակ Նորքի Այգիներ 180 հասցեում գործել է Երևանի միակ մանկական առողջարանը, և պարզվում է՝ այն վերածվելու է բնակելի շենքի, հյուրանոցի, բայց ոչ մի խոսք՝ մանկական առողջարանային հատվածի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի նկարահանող խումբը եղավ այդ հասցեում։ Շինարարներից մեկը միայն ասաց, որ այդ տարածքում եղել է մանկական առողջարան: Նկատենք, որ տարածքում այնքան էլ բարյացակամ չէին՝ մեզ հետ խոսելու։ Դռները փակեցին մեզ վրա:
Երբ և ում կողմից է սեփականաշնորհվել մանկական միակ առողջարանը. «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանը պատասխանատվությունը դրեց Պետական գույքի կոմիտեի կառավարման վրա, իսկ նրանք էլ դեռ չեն պատասխանել (կներկայացնենք ստանալուն պես):
Բաց աղբյուրներից պարզեցինք, որ այդ տարածքում շինարարություն սկսած «Տեխնոտուն» ՍՊԸ-ն գրանցված է Արամ Մուրադյանի, Արտաշես Հակոբյանի, Գագիկ Աղավելյանի և Ռոբերտ Հակոբյանի անուններով. վերջին երկուսը դուրս են եկել կառավարումից, հիմա հավասարապես բաժնետեր են առաջինները՝ մեկը գրանցված Քանաքեռ-Զեյթունում, մյուսը՝ Արաբկիր համայնքներում: Դատելով հասցեներից, Ռոբերտն ու Արտաշեսը հայր և որդի են: Պաշտոնապես որևէ կապ չկա, այսպես ասած, նախկին թալանչի պաշտոնյաներից մեկի հետ, բայց նման խոսակցություններ կան օդում կախված՝ ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը:
«Տեխնոտուն» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Տիգրան Մնացականյանի, և ֆրանսիական խոշոր հյուրանոցային խմբերից «Ակորը» (Accor)` ի դեմս խմբի Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆի, համագործակցության հուշագիր են ստորագրում անցած տարվա հուլիսի 3-ին հենց Նորքի այգիներ 180 հասցեում: Ըստ պաշտոնական հայտարարության` նախագիծն ընձեռելու է ապրելակերպի նոր հնարավորություններ՝ հյուրանոցային մակարդակի բարձրակարգ սպասարկումով, պայմաններով ու ենթակառուցվածքներով։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 16 հարկանի համալիր է կառուցվում Նորքի այգիներ 180 հասցեում, և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ր պաշտոնյաներն են իրենց ստորագրությամբ հաստատել շինթույլտվության փաստաթղթերը, ինչ հիմնավորմամբ է 5-6 հարկայնության թույլտվության գոտում օրինախախտմամբ 16 և ավելի բարձրահարկ կառուցվում: Քաղաքապետարանից ստացել ենք մի քանի գերատեսչությունների դրական եզրակացությունների մեջբերումներ և մի կարևոր տեղեկություն, որ նախագծման թույլտվություն տրվել է 23․08․2022թ․-ին: Հիշեցնենք, որ այդ ժամանակ քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն էր, ու նրա օրոք էլ 4 ամիս անց նաև շինթույլտվություն է տրամադրվել 5 տարի 2 միս ժամկետով: Բայց Տիգրան Ավինյանն արդեն փոխքաղաքապետ էր:
ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը լայն ժպիտով ողջունում է ներդրումը, որը իրականացվում է Երևանի միակ մանկական առողջարանի հաշվին: Հետաքրքիր է՝ սրա՞ համար էր Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն անում:
«Ժողովուրդ» օրաթերթը իր վերջին հարցով Տիգրան Ավինյանից պահանջել էր ներկայացնել տեղեկություն, թե մանկական առողջարանի համար ի՞նչ տարածք է հատկացվել՝ որպես փոխարինող անհրաժեշտություն: Սակայն Երևանի քաղաքապետը չի պատասխանել այս հարցին: Այսինքն՝ Երևանի համար մանկական առողջարանը առաջնահերթություն չէ, գլխավորը բազմահարկ հյուրանոցներն են, բիզնեսը, փողը: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ երիտհեղափոխականների մասին. նրանք մեծ ախորժակով խժռում են մեր մայրաքաղաքի առողջարանը՝ հանուն փողի: Ընդ որում՝ դա անում են իրենց կողմից մերժված, թալանչի տղաների երեխաների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին