Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությանը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքսանդր Գալիցկու հեղինակած փաստաթուղթն ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման հրատապությունը, ինչպիսիք են՝ Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտումների հետևանքների վերացումը, ադրբեջանցի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառումը, արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի իրացումն ու Սիրիայում խոցելի փոքրամասնությունների պաշտպանությունը։
Հայ դատի հանձնախումբը շեշտել է, որ սենատոր Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնում հաստատելը առանցքային հնարավորություն է Միացյալ Նահանգների համար՝ իր արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնելու արդարության և հաշվետվողականության սկզբունքներին: «Մինչ Թրամփ-Փենսի և ներկայիս Բայդեն-Հարիսի վարչակազմերը չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, Թրամփ-Վանսի նոր վարչակազմը աննախադեպ հնարավորություն ունի շտկելու իրավիճակը՝ տարածաշրջանում արդար, երկարատև և արժանապատիվ խաղաղության հաստատման միջոցով՝ հիմնված պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության վրա և համահունչ արցախահայության՝ իրենց հայրենիք հավաքական և պաշտպանված վերադառնալու իրավունքին»,- նշել է Գալիցկին։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որտեղ որոշվելու է Մարկո Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնում հաստատման հարցը, նախատեսված է հունվարի 15-ին։
Հայ դատի հանձնախմբի շրջանառած փաստաթուղթը հասանելի է հետևյալ հղմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին