Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի պարունակում կաթնայուղի փոխարինիչ, իսկ փոխարինիչներ պարունակող կաթնամթերքը պարտադիր դրվի նարնջագույն դարակաշարերում»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը զեկուցելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումնի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Փոխնախարարը նշեց, որ երկրորդ փոփոխությունն այն է, որ տեղական սպանդանոցային մսամթերքի ձեթինգը տեսանելի վայրում փակցված լինի, որպեսզի քաղաքացիների համար պարզ լինի, թե միսը տեղական է, թե ներկրված։
Սարգսյանն ասաց, որ այդ պայմանների չպահպանումը բերելու է վարչական տույժերի, ինչը կարգավորվում է երկրորդ իրավական ակտի փոփոխությամբ։
Հանձնաժողովի նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հիշեցրեց, որ օրենքի նախագծի փաթեթն արդեն երկու անգամ հետաձգվել է և այլևս չեն կարող այն հետաձգել; Արդյունքում՝ հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները դրական եզարակացություն տվեցին և այն վերջապես ներառվեց ԱԺ նիստերի օրակարգ։
Հարակից հրապարակումներ`
- Կաթնամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում պետությանը պատճառվել է շուրջ 215մլն դրամի վնաս
- ՌԴ պատվիրակությունը ստուգումներ է իրականացնում կաթնամթերք արտադրող ու վերամշակող հայաստանյան ընկերություններում