«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն գտնում, Մովսիսյանի օգնականի հետ պատահածից` թմրանյութի մեղադրանքից հետո, կուսակցությունում նրան փոխարինելու հարց է առաջացել։ Չնայած մարզպետն ազատել է այդ օգնականին, սակայն բանն այն է, որ Մովսիսյանի գրեթե բոլոր օգնական-խորհրդականները՝ այսինքն նրա կամակատարներն աչքի են ընկել սկանդալային պատմություններով, ինչը արդեն չի խոսում պատահականության մասին, դիցուք՝ Ռազմիկ Թադևոսյանը, որի գործունեությունը քրեական հայտնի պատմության պատճառով առայժմ կասեցված է, անցնում է Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրենի գործով։ Բժշկական կենտրոնի տնօրենը, որին ամիսներ առաջ կալանավորել են, հիվանդանոցին պատկանող դիահերձարանի տարածքը վարձակալության է տվել ինչ-որ կազմակերպության, որի ղեկավարի հետ ունի մտերիմ հարաբերություններ, բայց գրանցել է վարձակալության գումարի մի մասը, մյուս մասը, ենթադրաբար, յուրացրել է։
Քրեական վարույթով առկա ձայնագրություններում, խոսակցության ժամանակ ասվում է, որ յուրացված գումարի մի մասը կիսվելու են Ռազմիկ Թադևոսյանի հետ։ Ռազմիկ Թադևոսյանը նախկինում էլ է հայտնվել մամուլի սկանդալային հրապարակումների կիզակետում։ Նա ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի վարորդն է եղել, երբ Թորսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր։ Թադևոսյանը Թորոսյանի մեքենան էր վարում, սակայն զուգահեռ զբաղվում էր Թորոսյանի ընտանիքին պատկանող՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի ձկնաբուծական բիզնեսով։ Այս ընկերության 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդականի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը։
Ի դեպ, մարզպետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած Թադևոսյանի գործունեությունը կասեցված է, սակայն նա ստանում է խորհրդականի իր աշխատավարձը։ Մյուս խորհրդական Արմեն Գրիգորյանի մասին էլ խոսում են, որ մարզում և մարզպետարանում լավ պաշտոններին իր մերձավորներին է տեղավորել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին