
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին Կոստավայի պողոտայում գործադուլ անող քաղաքացիների հետ է։
«Ես կանգնած եմ գործադուլ անող քաղաքացիների կողքին։ Սա նորություն է վրացական, բայց ոչ համաշխարհային քաղաքականության մեջ։ Սա բողոքի խաղաղ ձև է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նշենք, որ Վրաստանում գործատուների ու աշխատողների մի մասը գործադուլ է հայտարարել՝ «Վրաստանը գործադուլ է անում» կարգախոսով։
Այսօր ժամը 15:00-ից մեկնարկած համընդհանուր նախազգուշական գործադուլը կտևի երեք ժամ, որին միանում են բազմաթիվ ընկերություններ, բուհեր, սննդի օբյեկտներ և այլն։
Գործադուլավորներն իրենց բողոքն արտահայտում են տարբեր պաստառներով՝ «Պահանջում ենք նոր ընտրություններ», «Ազատություն ռեժիմի գերիներին»։
Բողոքի ակցիայի նպատակն է հասարակությանը ցույց տալ, թե ինչ է սպասվում Վրաստանին մեկուսացման պայմաններում։