Ճանապարհը տեսչական մարմնին դիմելն է. Նախարարը՝ աշխատավարձեր չվճարելու դեպքերի մասին
«Մենք աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին օրենսդրությամբ տվել ենք լիազորություն՝ ամբողջությամբ վերահսկելու Աշխատանքային օրենսգիրքը»,-տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով գործատուների կողմից աշխատակիցներին աշխատավարձ չվճարելու դեպքերն ուսումնասիրելու մասին հարցին։
Նշելով, որ չի տիրապետում աշխատավարձ չվճարելու դեպքերի վերաբերյալ ահազանգերի վիճակագրությանը՝ նախարարը հորդորեց նման դեպքերում պետք է անհապաղ դիմել տեսչական մարմնին, որի խորհրդում ներգրավված է նաև ինքը։
«Ցանկացած դիմում տեսչական մարմինը կընդունի որպես հիմք և համապատասխան ուսումնասիրություն կիրականացնի և սանկցիա կկիրառի, հետևաբար ճանապարհը՝ տեսչական մարմնին դիմելն է, վերջինս իր լիազորությունների սահմաններում կլուծի հարցերը»,-ասաց Նարեկ Մկրտչյանը
Նախարարը նաև տեղեկացրեց, որ աշխատանքային գործընթացում ծագած վեճերը կարելի է լուծել ոչ միայն դատարանում, այլև Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնում։