Երևանի ավագանու որոշման պատճառով՝ սուրճի ապարատների բիզնեսը փակման եզրին է. ակցիա՝ ԱԺ դիմաց
Ազգային ժողովի մոտ են հավաքվել Երևանում սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցները։ Երևանի ավագանու որոշմամբ, 2025 թվականից սուրճի ապարատների տարածքի համար հարկը կազմում է ֆիքսված 40 հազար դրամ, նախկին՝ միջինացված 7500 դրամի փոխարեն։
Նրանք օրեր առաջ հավաքվել էին նաև Երևանի քաղաքապետարանի մոտ։ Անհատ ձեռներեց Արտաշես Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ իրենց քաղաքապետարանից փոխանցել են՝ մի քանի օրվա ընթացքում կքննարկեն, կապ կհաստատեն իրենց հետ։
«Բացի դրանից, մենք նաև այլ հարցեր էլ ունենք։ Օրինակ, ինչու գոտիավորում չկա. կան վայրեր, որտեղ քիչ է առևտուր լինում, կան վայրեր, որն ավելի մարդաշատ է, առևտուրն ավելի ակտիվ է։ Ինչու են նույն հարթության մեջ դիտարկում»,- ասաց Ա.Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ ՔՊ-ական Արթուր Հովհաննսյանը լսումներ է կազմակերպել ԱԺ-ում, թեև թեման մի քիչ այլ է, բայց իրենցից երկու հոգի հրավեր են ստացել մասնակցելու լսումներին։
Ակցիայի մասնակից Վահան Մարգարյանն ասաց, որ երբ հանդիպել են Երևանի քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ, նա որևէ բացատրություն չի տվել, ասել է՝ որոշումն ընդունել է ավագանին։
«Այս բիզնեսը փակման եզրին է, 90 տոկոսը կփակվի, ոչ մեկ չի կարող աշխատել, էլ հերոս հարկատու չենք լինի, կդառնանք թշնամի, քանի որ չունենք միջոց իրենց վճարելու, որպեսզի կարողանան իրենց պահանջերը հոգալ, ոչ թե ժողովրդի պահանջները»,- նշեց նա։