Մենք ունենք շատ խնդրահարույց թերություններ, պետությունն իր պարտավորությունները պետք է կատարի. Անահիտ Մանասյանի քարը՝ Սուրեն Պապիկյանի այգում
«Ինքս արձանագրել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ»,-կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով ազատությունից զրկված անձանց խնդիրների վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով՝ հիմնահարցեր կան նաև հացադուլի վարման և ընդհանրապես պայմանների առնչությամբ, ու դա է պատճառը, որ ՄԻՊ գրասենյակը պարբերաբար այցելում են քրեակատարողական հիմնարկներ և անձամբ տարին սկսել է քրեակատարողական հիմնարկներ շատ ավելի մեծ մասշտաբներ ունեցող անձնական այցերով:
«Կարծում եմ՝ համակարգային խնդիրներ են առկա ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված, և կարծում եմ, որ պետք է ամբողջությամբ բարեփոխվի համակարգը»,-ասաց Մանասյանը՝ նկատելով, որ նաև մեծ խնդիրներ են առկա ազատություններից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման մասով և ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ:
Անդրադառնալով ՀՀ ԶՈւ-ում խաղաղ պայմաններում զոհերի և մահվան դեպքերին՝ Մանասյանն ասաց. «Կուզեմ խոսել այս ոլորտում պետության պարտավորությունների մասին, որովհետև շատ խնդիրներ ի հայտ են գալիս այն պատճառով, որ ԶՈՒ-ում միջավայրը այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է երբեմն ունենում, որը հանգեցնում է ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով ինքնասպանությունների, ինքնավնասումների դեպքերի և այլն»:
Նա նշեց, թե պետք է քաղաքացիների պարտականության վերաբերյալ խոսել և խոսել հանրային իրազեկումների կրթության մասին, բայց պետք է խոսել նաև պետության պարտավորության մասին՝ բացառելու այս դեպքերը:
«Մենք ունենք շատ խնդրահարույց թերություններ, և դրանց վերացման ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ իրականացնենք, այսինքը, դեֆորմացիաները կարեղ են տարբեր լինել, բայց պետությունն իր պարտավորությունները պետք է անմիջականորեն կատարի»,- նշեց Անահիտ Մանասյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտված չեն
- ՄԻՊ-ին առընթեր խորհրդում ԶՈՒ պատասխանատուների հետ քննարկվել է խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը
- Խաղաղ պայմաններում նման կորուստ ունենալն անընդունելի է. Սեյրան Օհանյան