Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները։ Խոսելով հարկային ոլորտից, նա նշել է, որ նախատեսվում է լավարկել եկամուտների հայտարարագրման համակարգը։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի:
«Ընթացիկ տարում նախատեսվում է նաև ավտոմատացնել անձնական հաշվի քարտերի համակարգը, պետտուրքի, դրոշմանիշային վճարի, ռեզիդենտության տեղեկանքի, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման գործընթացները: Վերլուծական և վարչարարական գործիքների կատարելագործման շրջանակում կներդրվեն հետվճարի տրամադրման համակարգը (cash back), միջազգային հարկման նոր գործիքակազմը, խաղային ոլորտի կարգավորման նոր մեխանիզմները, ինչպես նաև երրորդ անձանցից ստացվող տեղեկատվության փոխանակման համակարգը: Ստվերի չափումների և գնահատումների էական բարելավումը ևս լինելու է 2025-ի առաջնահերթություններից: Այդ նպատակով նախատեսվում է մշակել և զարգացնել հսկողական միջոցառումների բազա: Ստվերի և իրավախախտումների դեմ կոշտ պայքարը, իսկ կոռուպցիայի դեմ՝ անխնա պայքարը 2025-ի հիմնական առաջնահերթություններից են լինելու: Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու »,- ասել է նա։
Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ 2025 թվականին ՊԵԿ-ը պետք է բեկում մտցնի մարդկանց ընկալումներում, ամրապնդելով հասարակության կապը մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ (պետական բյուջեի), և հարկ վճարելու մշակույթը դարձնի մեր հասարակության յուրաքանչյուր անդամի բարեկեցության բարձրացման մեջ արժեքավոր ներդրման մշակույթ։