Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Դատարանը, մեղադրական վերդիկտ կայացնելով, հաստատված է համարել, որ Դ 20 դիբիզիոնի վրա հարձակման ժամանակ մոտեցող հակառակորդի ուղղությամբ «չկրակելու» հրաման տվել է Ջալալ Հարությունյանը՝ հայտնելով, թե մոտեցողները յուրայիններ են։ Տուժող կողմը լիահույս է, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ ռեալ պատիժ կնշանակվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել՝ Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նշենք, որ հանրային մեղադրանքի և տուժող կողմը պահանջել էին մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, պաշտպանության կողմը՝ արդարացնել։
Վերդիկտի հրապարակումից հետո նախատեսված են լրացուցիչ դատալսումներ՝ հունվարի 23-ին։ Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ միջնորդելու են ռեալ պատիժ նշանակել՝ ազատազրկման ձևով, թե դատարանն ինչ կանի՝ հայտնի չէ, տուժող կողմը լիահույս է, որ ռեալ պատիժ կնշանակվի։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի փոխանցմամբ՝ դատաքննությամբ հաստատվել է այն հանգամանքը, որ Ջալալ Հարությունյանն է տեղեկացրել և հաստատապես պնդել, որ մոտեցող զորախումբը յուրային է, ոչ թե՝ թշնամի, ինչի հետևանքով պարզվել է, որ մոտեցող զորախումբը հանդիսանում է թշնամու զորախումբ, եկել և շրջափակել են Դ20 դիվիզիոնի զինվորներին և տեղի է ունեցել այն, ինչ եղել է՝ զոհվել է 20 զինծառայող, եղել են վիրավորներ։
«Տուժող կողմը հետամուտ է լինելու, որ այն անձինք, որոնք մեղավոր են այդ դեպքի հետ կապված, բոլորը ստանան իրենց արժանի պատիժը։ Նրանցից մեկի՝ Գևորգ Գևորգյանի վերաբերյալ, այժմ գործը քննվում է դատարանում՝ Արտուշ Գաբրիելյանի վարույթում»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Գենադի Բաղդասարյանին, որի անունը ևս շոշափվում էր, Սիմոնյանը նշեց, որ նրա մասով ևս հետամուտ են լինելու, այլ անձինք, ըստ փաստաբանի, ևս կան, սակայն նրանց անունները հայտնելուց փաստաբանը զերծ մնաց։ Նա հայտնեց, որ նախաքննության փուլում կա քրեական վարույթ, որի շրջանակներում մեղադրյալներ չկան։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։