Առկա է հանցավորության թվի նվազում 1.1 տոկոսով, իրերը պետք է կոչվեն իրենց անուններով. Արփինե Սարգսյան
Անցած տարվա ընթացքում պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել են շուրջ չորս հազար հանցագործություններ։ Այս մասին լրագրողերի հետ հանդիպմանը հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Պետք է փաստեմ, որ լավ արդյունքներ ունի գրանցած ջրային պարեկային ծառայությունը։ Ձկնորսության արգելքի ժամանակահատվածում մենք ունենք 15 դեպք, շուրջ մեկ տոննա ձուկ է առգրավվել»,-ասաց նա։
Ամփոփելով անցնող տարին՝ Ա. Սարգսյանն ասաց, առկա է հանցավորության թվի նվազում 1.1 տոկոսով։
«Սա նշանակում է, որ եղել է հետևողական աշխատանք ոստիկանության, իրավապահ ու այլ մարմինների կողմից։ Մենք նկատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է օրինաչափ կառուցվածք ունենալ հանցավորության տեսանկյունից, 81.4 տոկոսը բաժին է ընկնում ոչ ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործություններին, սա նշանակում է, որ երկիրը առավեգույն անվտանգ երկիր է»,-նշեց նա։
Նրա խոսքով, 2023-ի համեմատ 2024-ին 10.7 տոկոսով ավելացել է ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք զինամթերքը։
«Սա նշանակում է, որ այդ զենքերը այլևս չեն կարող գործադրվել տարբեր հանցանքների շրջանակում ու դառնալ մահվան կամ մարմնական վնասվածքների առաջացման պատճառ։ Զենքի գործադրմամբ հանցագործությունները շարունակում են մեզ համար մտահոգիչ մնալ»,-ասաց նա՝ նշելո, որ այս առումով առկա է Նիկոլ Փաշինյանի հանձնարարական, արդեն մյուս շաբաթ հանրային քննարկման կներկայացնեն օրենսդրական նախաձեռնություն՝ կոնկրետ լուծումներով։
Սարգսյանի խոսքով, 2025-ին ՆԳՆ թիրախը լինելու է հանցագործությունների կանխարգելման ռազմավարության մշակումը։
«Իրերը պետք է կոչվեն իրենց անուններով, խնդիրը պետք է ճիշտ ախտորոշվի, որպեսզի մենք կարողանանք ճշգրիտ կազմակերպել հանցավորության կանխարգելման պրոցեսները»,-ասաց նա։