ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը նվազել է. Արփինե Սարգսյան
«2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը»,- ասուլիսում ասաց ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը։
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ՃՏՊ-ների 299-ով նվազում, զոհերի թիվը նվազել է 45-ով, իսկ վիրավորներինը՝ 421-ով։
Ա.Սարգսյանը նաև վիճակագրություն ներկայացրեց՝ նշելով, որ այս տվյալներ երբևէ չեն հանրայնացրել. «Եթե 2024-ին շուրջ 964 հազար տրանսպորտային միջոցների պարագայում մենք ունեցել ենք զոհեր և վիրավորներ x քանակի, ապա սա 13-ով ավելի քիչ է, քան 2015 թվականին արձանագրված զոհերի քանակը, երբ ունեցել ենք գրեթե կրկնակիով ավելի պակաս տրանսպորտային միջոցներ՝ 560 հազար։
Այսինքն, 964 հազար տրանսպորտային մրջոցների գոյության և շարժունակության պայմաններում մենք կարողացել ենք ավելի քիչ թվով զոհեր ունենալ, քան ունեցել ենք շուրջ 560 հազար տրանսպորտային միջոցի պայմաններում։
Սա խորհելու տեղիք տվող վիճակագրություն է։ Մենք այս տարվա կտրվածքով արձանագրել ենք, որ գլխավորապես վիճակագրական այսպիսի փոփոխություններում իրենց նպաստն են բերել պարեկային ծառայողներն ավելի ինտենսիվ աշխատանքով»։
Նախարարի խոսքով, իրենց խնդիրը շարունակում է մնալ այն, որ պարեկային ծառայությունը չպետք է կենտրոնանա միայն ՃՏՊ-ների կանխարգելման ուղղության վրա․ «Հանցավորության կանխարգելումը ևս ոչ պակաս նշանակություն ունեցող հանգամանք է։ Մենք պետք է զուգահեռաբար աշխատենք, որպեսզի անձանց մոտ անվտանգ վարքագիծ վարելը դառնա մշակույթ և կարողանանք ի վերջո այս եղանակով հասնենք վարքագծային փոփոխության»։
Հարակից հրապարակումներ`
- Առկա է հանցավորության թվի նվազում 1.1 տոկոսով, իրերը պետք է կոչվեն իրենց անուններով. Արփինե Սարգսյան
- ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խոսակցությունից անցում ենք կատարել դեպի գործնական փուլ. Արփինե Սարգսյան
- Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Բաբայան