44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր նկատմամբ կիրառվեց տնային կալանք. «Գնամ Եռաբլուր, ի՞նչ ասեմ որդուս...հորդ դատեցին»
Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառեց եռամսյա տնային կալանքը:
«նիկոլը մի դակիչի միջոցով որոշեց նահատակ զինվորի հայր Գարիկ Գալեյանին պատժել 2 տարի ռեալ ազատազրկմամբ, ու միաժամանակ անմիջապես փոխել խափանման միջոցն ու Գարիկին ուղարկել տնային կալանքի։
Դե հիմա ինձ ասեք - այս վճիռը կարդացած դատավո՞րն է ավելի վատ, թե բաքվի դատարանի դատավորը։
ՀԳ. Ու այո՛, դուք ճիշտ եք։ Նման բան կարող էր իրեն թույլ տալ միայն նա»,- գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նիստից հետո Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանն ասաց. «Կարծում են` պետք է համակերպվե՞նք, որ տարել են ու մեր երեխաներին դավաճանական ձևով սպանել են։ Այն ծնողները, ովքեր խոսում են, ովքեր իրենց ձայնը բարձրացնում են, դառնում են իրենց աչքի փուշը, ուզում են վախեցնել, կալանավորել, որը տեսնում եք մեր պարագայում։
Առանց անհարմար զգալու դատախազը պահանջում է 3 տարի 7 ամիս ազատազրկում։ Ամենավերջին սրիկան է»։
2019 թվականի հունվարի 17-ին է զորակոչվել Մխիթար Գալեյանը։
«2019 թվականի հենց այս օրն է որդուս ճանապարհ հայոց բանակ՝ այն հույսով, որ երկու տարի հետո պետք է որդուս դիմավորեմ։ Իմ որդին չեկավ, իմ որդուն բերեցին փակ, դրոշով փաթաթված ու այսօր՝ այս օրը, դատում են իմ որդու հորը։
Իսկ ի՞նչ զգացողություն պետք է ունենամ։ Անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է այստեղ վերջացնեմ ու գնամ Եռաբլուր։ Բայց գնամ Եռաբլուր, ի՞նչ ասեմ որդուս... ասեմ հորդ դատեցին։ Չգիտեմ։
Մեր արդարացի պահանջը մեկն է՝ վրեժ։
Իրենք իմ այսօրվա սևավորված լինելու պատասխանը վաղ թե ուշ տալու են։ Գարիկին էլ կալանավորեն, փակի տակ պահեն, միևնույնն է՝ ես ասելու եմ՝ ես վրեժ եմ ուզում, իմ որդու վրեժն եմ ուզում։ Ես ոչ մի բան չեմ ուզում։ Ինձ իմ որդու արյան գինն է պետք ու այդ արյան գինը վրեժն է»,- ասաց Ա.Գալեյանը։
Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի. Աստղիկ Գալեյան
- Դատական նիստը նման էր կրկեսի․ Աստղիկ Գալեյանը՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստի մասին
- Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր մեղքերը բարդել շարժման վրա․ Աստղիկ Գալեյան