HRW. Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Հունվարի 16-ին Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իր տարեկան զեկույցը։
Ադրբեջանին վերաբերող մասում նշվում է, որ կառավարությունը «ուժեղացրել է ճնշումները քննադատների դեմ նույնիսկ 2024 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի կլիմայի COP29 կոնֆերանսի շրջանում»։
«Համաժողովին նախորդող ամիսների ընթացքում իշխանությունները ձերբակալեցին տասնյակ մարդկանց, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների՝ քաղաքական դրդապատճառներով: Իշխանությունները շարունակեցին ոտնահարել խոսքի և հավաքների ազատությունը, կաթվածահար անել քաղաքացիական հասարակությունը։ Շարունակվել են նաև կալանավայրերում խոշտանգումները և դաժան վերաբերմունքը»,- ասվում է զեկույցում։
Փետրվարին և սեպտեմբերին կայացած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել ազատ և արդար ընտրություններին չափանիշներին: Ըստ Human Rights Watch-ի, միջազգային դիտորդները նշել են «քննադատական ձայների ճնշումը» և ընտրություններն անվանել «ոչ մրցակցային»։
Նշվում է, որ հունվարին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը չի վավերացրել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները` կառավարության կողմից Եվրոպայի խորհրդի հանդեպ «հիմնարար պարտավորությունների» խախտման պատճառով:
«Ադրբեջանն ու Հայաստանը շարունակել են բանակցությունները խաղաղ համաձայնագրի շուրջ, մինչդեռ սահմանային լարվածությունը երբեմն վերաճում է բախումների։ Չնայած հայտարարված պարտավորություններին, Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը կամ վերականգնելու նրանց սեփականության իրավունքները»,- գրում է Human Rights Watch-ը։