Հույս, վստահություն ունենանք, որ նման բան չի կարող լինել. Արցախի ՄԻՊ-ը՝ Բաքվի կողմից ՀՀ-ին արված առաջարկի մասին
«Մեր բոլոր ջանքերը ուղղված են նրան, որ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցները, նրանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն օր առաջ դադարեցվեն, անձինք կարողանան վերադառնալ իրեց տները»,- լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մասնակցում է հայ գերիների ազատ արձակման պահանջով արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային։
Ըստ նրա, ակցիաները շատերի մոտ թերահավատություն են առաջացնում, որ դրանով որևէ արդյունք չեն կարող արձանագրել. «Ուզում եմ հետևյալն ասել. առնվազն անգործությունից ավելի լավ է շարունակել պայքարը, և հայաստանյան իշխանությունների, և միազգային կառույցների, այդ թվում ՄԱԿ ուշադրությունը հրավիրել այս կարևոր, բացարձակ հումանիտար բնույթ ունեցող հարցի վրա, հնարավորինս միջազգային ճնշում գեներացնելով՝ հասնել մեր հայրենակիցների ազատ արձակմանն ու հայրենադարձությանը»։
Անդրադառնալով Բաքվի բանտում ապօրինի պահվող ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախօրեին հղած նամակին, Գեղամ Ստեփանյանն ասաց. «Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բավքի բանտից ևս մեկ անգամ հաստատեց կամ բացահայտեց այն ողջ ճշմարտությունը, որի մասին այս ողջ ժամանակահատվածում իրավապաշտպան համայնքը խոսում էր։ Այն, որ սա որևէ ձևով չի կարող համարվել իրավական գործընթաց, այս գործընթացի ընթացքում պահպանված չեն մարդու ամենատարրական իրավունքների պաշտպանությունը, մարդիկ խոշտանգվում են Բաքվի բանտերում։
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա ոչինչ չի անելու, մինչև որ հստակ պահանջներ, ձևակերպված թե Հայաստանի իշխանությունների կողմից, թե Սփյուռքում մեր հայրենակիցներից կողմից չներկայացվեն։ Միայն դրանից հետո է հնարավոր աճի Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը»։
Նա նշեց, որ թեև Հայաստանի իշխանությունները հայտարարում են՝ բանակցային գործընթացներում մշտապես անդրադառնում են այդ հարցին, բայց առնվազն այդ ջանքերը տեսանելի չեն. «Իմ տպավորությունն այնպիսին է, որ առնվազն քաղաքական մակարդակում առավել մեծ ջանքերի անհրաժեշտություն կա։ Ինչ վերաբերում է իրավականին, այո, գործընթացներ կան»։
Անդրադառնալով Բաքվի դատախազության հայաստանյան իշխանություններին արած համագործակցության կոչին՝ նա ասաց. «Բավքի կողմից վարվող ապօրինի քաղաքականության հերթական դրսևորումն է։ Աբսուրդ եմ գնահատում առհասարակ։ Հույս, ինչ-որ առումով նաև վստահություն ունենանք, որ նման բան չի կարող լինել»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի Հանրապետության՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
- Ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու հայ գերիներին. Հենրիխ Մխիթարյան
- Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան
- Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել
- Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
- Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
- Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
- Իրավապաշտպան. Ադրբեջանի՝ հայ իրավապահների հետ համագործակցության առաջարկը կարող է տրամաբանական լինել մի դեպքում