Պետք է ստիպենք, պահանջենք ՀՀ իշխանություններին տեղներից շարժվել և առավելագույնը կատարել մեր պատանդներին վերադարձնելու համար. Բեգլարյան
«Մեր հայ պատանդները Բավքում են մեզ համար»,- լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, ով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մասնակցում է հայ գերիների ազատ արձակման պահանջով արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային։
Նա նշեց, որ նրանք այնտեղ շինծու դատավարության առաջ են կանգնում, խոշտանգվում են, անմարդկային վերաբերմունքի են արժանանում, որովհետև ներկայացնում են մեզ՝ նախ որպես Արցախի Հանրապետության նախկին և գործող ղեկավարներ, երկրորդը՝ որպես հայեր, բոլորը, ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարությունը։
«Այն անձինք, ովքեր կարծում են, որ Արցախը պետք է գոյություն ունենար, հիմա էլ գոյություն ունենա, Արցախը հայկական է, դա նշանակում է, որ Իլհամ Ալիևի ցեղասպանական ռեժիմի համար մենք բոլորս ահաբեկիչներ ենք. «Եթե մենք ահաբեկիչներ ենք, ուրեմն ևս դատապարտվում ենք այնտեղ։ Դրա համար պետք է բոլորս ձայն բարձրացնենք բոլոր հնարավոր ատյաններում և առաջին հերթին ստիպենք, պահանջենք Հայաստանի իշխանություններին, որպեսզի տեղներից շարժվեն և առավելագույնը կատարեն մեր պատանդներին հայրենիք վերադարձնելու համար, մեզ մեր արժանապատվությունը վերադարձնելու համար»։
Նա նշեց, որ իրենք հավաքվել են ՄԱԿ-ի գրասենյակի առջև որպես միջազգային հանրության հավաքական դեմք և իրենց ակցիան ուղղված է ոչ միայն զուտ ՄԱԿ-ի կառույցներին, նաև բոլոր պետություններին, որովհետև բոլոր պետությունները ՄԱԿ անդամ են։
«Այնուհետև հավաքվելու ենք ԱԳՆ դիմաց, մեր խոսքն ուղղելու Հայաստանի իշխանություններին, որովհետև քանի դեռ մեր պետական ինստիտուտները մեր իրավունքների պաշտպանությամբ չեն զբաղվում անհատական և հավաքական մակարդակով, բնականաբար, այլ պետություններն ընդհանրապես չեն զբաղվելու»,- ասաց Ա.Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ցավալի է, որ Բաքվի առաջադրած մեղադրանքների պատասխանը Հայաստանի իշխանությունների կողմից չի հնչում. Մ. Առաքելյան
- Հույս, վստահություն ունենանք, որ նման բան չի կարող լինել. Արցախի ՄԻՊ-ը՝ Բաքվի կողմից ՀՀ-ին արված առաջարկի մասին
- ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
- Ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու հայ գերիներին. Հենրիխ Մխիթարյան
- Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել
- Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
- Գործարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք
- ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
- Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը