Թբիլիսին Բաքվին և Երևանին առաջարկել է եռակողմ համագործակցության նախաձեռնություններ
Վրաստանը Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին Բաքվում տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել և խթանել համագործակցությունը տարածաշրջանում: Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ մեջբերելով Կոբախիձեի խոսքերը։
Կոբախիձեն նշել է նաև, որ տարածաշրջանում և աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում խաղաղությունն ու կայունությունն էլ ավելի կարևոր են դառնում տարածաշրջանի զարգացման և կայուն բարգավաճման համար։
Վրաստանի վարչապետն ուրբաթ օրը ժամանել է Բաքու՝ մասնակցելու երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Սա Կոբախիձեի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է այն բանից հետո, երբ խորհրդարանը 2024 թվականի նոյեմբերին նրան հաստատել է կառավարության ղեկավարի պաշտոնում։ Բաքվում նախատեսվում է նաև Կոբախիձեի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Վրացական պատվիրակության կազմում են նաև Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարը Լևան Ժորժոլիանին։