Իրավապաշտպանը՝ Փաշինյանին ու Պապիկյանին. Կոռուպցիան փնտրեք ձեր մեջ և ոչ թե զինվորի ընտանիքում
«Հիվանդ տղաներին միշտ էլ զորակոչել են բանակ, իսկ հիմա Փաշինյանը դա օրինականացնում է։ Բանակում երբեք չի պահպանվել սահմանափակումներով բանակ զորակոչվածների կարգը»,-գրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նա ընդգծում է, առողջական խնդիրներից բողոքող զինվորը, որպես կանոն, համարվել է սիմուլյանտ և տվյալ զինվորին վերաբերվել են որպես սիմուլյանտի, կան արձանագրված ծանր հետևանքներ։
«Դուք չունեք վիճակագրություն, հետաքրքիր է՝ ինչով եք առաջնորդվում, երբ հայտարարում եք, թե նրանց կոռուպցիոն ճանապարհով ազատում են ծառայությունից։ Կոռուպցիան փնտրեք ձեր մեջ և ոչ թե զինվորի ընտանիքում։ Դուք ի՞նչ եք արել բանակը բարեփոխելու համար, որ մարդիկ գնան ծառայեն։
Շաբաթներ առաջ հրամանատարի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել սահմանափակումներով զինծառայության մեկնած, հոգեկան առողջական խնդիրներ ունեցող զինվորը՝ Սարգիս Մելքոնյանը։ Քրեական գործը հարուցվել է հենց զինվորի դեմ, իբր ինքն է իրեն վնասվածքներ հասցրել։ Սրա համար պատասխանատվություն չեն կրում ոչ Փաշինյանը և ոչ էլ Պապիկյանը։ Նույնիսկ զինվորի մահվան դեպքում ընտանիքին են մեղադրում։ Հիվանդ զինվորին բանակ զորակոչելը անմարդկային է և նվաստեցնող։ Սա ձեր վերաբերմունքն է զինվորին և բանակին»,-գրել է իրավապաշտպանը։